ԱԺ պատգամավորները հանդիպեցին Պավել Ռյաբուխինի հետ
07/12/2012 18:27

ԱԺ պատգամավորները հանդիպեցին Պավել Ռյաբուխինի հետ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը և Ռուբիկ Հակոբյանը այսօր հանդիպեցին Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում և խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին, որը դեկտեմբերի 8-10-ը անցկացվելու է Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունն ավելի ակտիվ ու թափանցիկ դարձնելուն, ազատ երկխոսություն ծավալելուն, կառուցողական նախաձեռնություններով հանդես գալուն, Վեհաժողովի հանձնաժողովների և ընդհանրապես միջխորհրդարանական այս կազմակերպության գործունեությունն առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր:

Այս համատեքստում կարևորվեցին ՀԱՊԿ հանձնաժողովների՝ գալիք տարի անցկացվելիք արտագնա նիստերի, մասնավորապես Երեւանում կայանալիք պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպմանը քննարկվեցին նաև խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող և կազմակերպչական բնույթի հարցեր:

 

ԱԺ պատգամավորները հանդիպեցին Պավել Ռյաբուխինի հետ