.jpg)
«Նախընտրական շրջանը մեկնարկեց Ծառուկյանի որոշմամբ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո նախընտրական շրջանը մեկնարկել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Շարունակելով խոսքը` Ա. Իսկանդարյանն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը սպասում էին ԲՀԿ-ի որոշմանը, որպեսզի հստակեցնեն իրենց հետագա քայլերը. «Ընտրությունների արդյունքներն, առավել քան, կանխատեսելի են. Սերժ Սարգսյանը կարող է հավաքել 51 կամ 80-85 տոկոս ձայն՝ կախված նրանից, թե ինչ թեկնածուներ կլինեն և ինչպես կվերադասավորվի ընդդիմադիր դաշտը»:
Ընդդիմության համախմբումը, քաղաքագետի խոսքերով, հնարավոր չէ, եթե նույնիսկ առաջադրվեր Գագիկ Ծառուկյանը: Նրա կանխատեսմամբ, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն ընտրություններին կմասնակցեն առանձին. «Կարևոր չէ, թե ինչ կասեն թեկնածուները, միևնույն է՝ հաղթողը լինելու է մեկ մարդ»:
Վերադառնալով ԲՀԿ որոշմանն ու նրա ընտրազանգվածին` Ալ. Իսկանդարյանն ասաց, որ տվյալ ուժի ընտրազանգվածը կբաժանվի բոլոր թեկնածուների միջև:
«Գագիկ Ծառուկյանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել չգնալ ընտրությունների՝ հաշվի առնելով իր շահերը, գուցե բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են եղել: Սա քաղաքականություն է, սա բոյկոտ չէ»,- եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: