.jpg)
Մատաղիսի գործով դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 18-ին
2012 թ. դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի հայտնի գործի դատաքննությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս մինչև նիստի սկսվելը ամբաստանյալների հարազատները, սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները դատարանի շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արդարություն: Ակցիային մասնակցել է նաև ամբաստանյալների նախկին փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դատական նիստի ընթացքում պաշտոնական ճառով հանդես է եկել Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը: Դատարանում նա հայտարարել է, որ բոլոր ապացույցները փաստում են, որ Մատաղիսում երկու տղաների սպանությունը տեղի է ունեցել տարբեր ժամանակամիջոցներում և բոլորովին այլ վայրում, ինչը նշանակում է, որ մեղավորները ոչ թե գործով ամբաստանյալներն են, այլ անձինք, ովքեր այսօր ազատության մեջ են:
«Իմ երեխուն սպանել են Իվան Գրիգորյանը, Մայիլյանը՝ Ղևոնդ Եգոյանի, Սամվել Պողոսյանի, Երվանդ Պետրոսյանի, Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ, ովքեր սկզբում չորս ամիս մեղադրվել են սպանության մեջ, իսկ հետո կեղծ ձևակերպումով դասավորել են այս երեխեքի վրա: Դատարանից խնդրում եմ, պահանջում եմ, որ այս անգամ արդարությունը վերականգնվի, որ այլևս զինվորներ չզոհվեն»,- այսպես է ավարտել իր ճառը Մովսես Մկրտումյանը:
Այնուհետ պաշտպանական ճառով հանդես է եկել Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի և Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը մինչ գրավոր ճառին անդրադառնալը դատարանին խնդրել է դատական ակտը կայացնելիս հաշվի առնել նաև այն պաշտպանական ճառերը, միջնորդությունները, որոնք ներկայացվել են ամբաստանյալների նախկին պաշտպանների կողմից և այն ամենը ինչ այսօր ներկայացվեց տուժողի իրավահաջորդի կողմից:
«Այս ճառը պատրաստել եմ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի համար, ով դեռ կասկածներ ունի, որ այս երիտասարդներն են սպանել Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին: Կարծում եմ, որ դատաքննությանը ներկա լինելու դեպքում Ռոման Եղիազարյանի հարազատների եզրահանգումները չէին տարբերվի Հովսեփ Մկրտումյանի ծնողների եզրահանգումներից»,- նշել է Հայկ Ալումյանը:
Ճառի ընթացքում Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն փաստական հանգամանքներին, որոնք անտեսվել են մեղադրողների կողմից, որոնք ողջ մեղադրական ճառը հիմնել էին Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա՝ անտեսելով առկա բոլոր հակասությունները:
Այնուհետև ճառի և վերջին խոսքի հնարավորություն է տրվել նաև ամբաստանյալներին, որոնք կրկին հայտարարել են, որ անմեղ են և դատարանից խնդրեցին միայն արդարություն և արդար դատավճիռ:
Ըստ աղբյուրի՝ դատարանը հեռացել է դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի 2012 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին: