Մտահոգ ենք, որ կարող է արդարացվել ու հերոսացվել մարդասպանը
14/12/2012 20:03

Մտահոգ ենք, որ կարող է արդարացվել ու հերոսացվել մարդասպանը

Դեկտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Սավրոպոլ քաղաքում, տեղի է ունեցել Համառուսական ազգային համաժողովը` նվիրված Կովկասում խաղաղությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից:

Աղբյուրի փոխանցմամբ, համաժողովին հրավիրված է եղել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը, որի կազմում էին Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Պյատիգորսկի հոգևոր հովիվ Տ. Արամ ավագ քահանա Հունանյանը, Կիսլովոդսկի հոգևոր հովիվ Տ. Սարգիս քահանա Պողոսյանը և Ստավրոպոլի հոգևոր հովիվ Տ. Գրիգորիս քահանա Պողոսյանը:

Ըստ հաղորդագրության, Հովակիմ եպիսկոպոսը մասնավորապես ասել է. «Հայ ժողովրդի զավակները մշտապես կարևորել են խաղաղությունն ու համագործակցությունը տարբեր ազգերի ու մշակույթների միջև: Այդ է պատճառը, որ Հայ Եկեղեցին մշտապես մասնակից է տարբեր կառույցների կողմից իրականացվող խաղաղասիրական ծրագրերին: Հարկ է նշել Կովկասյան տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումները, որոնք կազմակերպվում են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ ու ջանքերով: Այնուամենայնիվ, երբեմն ստիպված ենք ցավով արձանագրել, որ հակառակ հոգևոր պետերի գործադրած ջանքերին, աշխարհում չեն դադարում պատերազմներն ու ահաբեկչությունը, ազգամիջյան բախումները, որոնք երբեմն ուղեկցվում են կրոնական և ազգային հակամարտություններով և էթնիկ ատելությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ կրոնը գործիք է դառնում այն անձանց ձեռքին, որոնց շահերն ու հետապնդած նպատակները չեն աղերսվում կրոնի, հավատքի և Աստծու հետ: Մտահոգ ենք, որ մեր օրերում կարող է արդարացվել ու նաև հերոսացվել մարդասպանը…»:

Դեկտեմբերի 13-ին Հայ Եկեղեցու պատվիրակները մասնակցել են նաև Ստովրոպոլի Կազանյան Ս. Աստվածածնի տաճարի օծման արարողությանը:
 

Մտահոգ ենք, որ կարող է արդարացվել ու հերոսացվել մարդասպանը