.jpg)
Կուսակցությունների համագումարների շքերթը սկսվում է
Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ` Հայաստանի քաղաքական կուսակցությունները սկսում են անցկացնել համագումարներ` հանրությանը ներկայացնելով ընտրություններին իրենց մասնակացության ձևաչափը, ծրագրերը, դիրքորոշումները և առաջիկա անելիքները:
Այսպես` համագումարների շքերթը բացում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համագումարը կլինի վաղը` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ըստ ամենայնի, վաղը հանրապետականները կհայտարարեն ընտրություններին իրենց մասնակցության, ինչպես նաև` թեկնածուի մասին, ով ՀՀԿ նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է:
ՀՀԿ համագումարին կհաջորդեն խորհրդարանական «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, որոնց համագումարները նշականված են դեկտեմբերի 22-ին: Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ն իր համագումարում կհայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններին, 2011-ին ստորագրված հուշագրի համաձայն, սատարում է գործող նախագահի թեկնածությունը: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս կուսակցությունը կառաջադրի իր նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նույն օրը` դեկտեմբերի 22-ին, կկայանա նաև Արամ Մանուկյանի ղեկավարած Հայոց համազգային շարժման, ինչպես նաև` Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության համագումարները:
Այնուհետ` դեկտեմբերի 23-ին համագումար կհրավիրի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն` իր «Ազատություն» կուսակցությամբ:
Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն ժողովի անցկացման կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ դեռ, նույնը վերաբերում է նաև «Ազատ դեմոկրատներին»:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա ուժը համագումար չի անցկացնի, քանի որ ընդամենն օրեր առաջ կուսակցությունը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին չի մասնակցում և չի սատարում որևէ թեկնածուի:
Ըստ ժամանակացույցի, հունվարի 4-14-ը կլինի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը` հունվարի 21-ից փետրվարի 16-ը:
Նշենք, որ նախագահական ընտրությունները կայանալու են 2013-ի փետրվարի 18-ին: