Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին
14/12/2012 19:00

Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին.

«Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմամբ: Թուրքիան այստեղ որևէ անելիք չունի»,- ասված է Է. Շարմազանովի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Չիչեքի այն դիտարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է, և Թուրքիան սպասում է, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից, ԱԺ փոխնախագահը հակադարձել է, թե տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի միակ պատճառը Թուրքիայի հովանավոր Ադրբեջանն է, որը քարոզում է հակահումանիստական արժեքներ:

Ի գիտություն Չիչեքի և ողջ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ընտանիք և միասնություն են: Նա հավելել է, որ անհեթեթ հայտարարություններով հանես գալու փոխարեն արդարացի կլինի գիտակցել, որ Հայաստանն ու սփյուռքն անելու են ամեն ինչ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ:

 

Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին