.jpg)
Երևանի կոնյակի գործարանում «Բաց դռների օրեր» են
Դեկտեմբերի 15-ին և 16-ին Երանի կոնյակի գործարանում կանցկացվի «Բաց դռների օրեր» միջոցառումը, որի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնացման արտադրամասում, ծանոթանալ Արարատ հայկական կոնյակների արտադրական պրոցեսին, կոնյակի պատրաստման կարևոր մաս հանդիսացող` տակառագործության նրբություններին, ինչպես նաև տեսնել Երևանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից որոշակի նմուշներ: Այս մասին հայտնում են գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, կայանալիք միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությանն առնչվող արխիվային բացառիկ նյութերի անդրանիկ ցուցահանդեսը:
Հարկ է նաև նշել, որ միջոցառման շրջանակներում Երևանի կոնյակի գործարանում կցուցադրվի Հայկական կոնյակի 1894թ. եզակի նմուշը, որը հատուկ այս միջոցառման համար տրամադրվել է Երևանի պատմության թանգարանի կողմից:
Այդ օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00 կգործեն ավտոբուսներ, որոնք այցելուներին անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն ազատ է: