«Գանձասարում իրականցվող աշխատանքները ժամանակավոր են»
14/12/2012 20:26

«Գանձասարում իրականցվող աշխատանքները ժամանակավոր են»

Գանձասարի պարիսպների երեսպատումը վերսկսվել է երկու-երեք շաբաթ առաջ, «Հետքին» ուղարկած նամակում նշել է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի անդամ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Մանուշակ Տիտանյանը, ով առաջինն է ահազանգել երեսպատման վերսկսման մասին:

Այս առնչությամբ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանության բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել են.

«Դեռևս 2011 թվականին Գանձասարի վանքի արդի վիճակը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, որոնց եզրակացության համաձայն՝ վանական համալիրը՝ ներառյալ դրա բաղկացուցիչ մաս կազմող շրջապարիսպները, կարիք ունեն համալիր գիտավերկանանգնման աշխատանքների` համաձայն մշակված համապատասխան նախագծի:

Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանք պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որևէ ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների և ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա»:

Նշենք, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ արձակուրդում է, և որևէ բան չի կարող մեկնաբանել, իսկ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի հեռախոսահամարը անհասանելի էր: Բաժնից հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է մարզում:

«Գանձասարում իրականցվող աշխատանքները ժամանակավոր են»