.jpg)
Պ. Հայրիկյան. Ես ուզում եմ նախագահ դառնալ միայն 2 տարով
ԲՀԿ-ի՝ թեկնածու չունենալը նախագահական ընտրություններում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար որևէ բան չի փոխել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պ.Հայրիկյանը:
Նրա խոսքով, եթե ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հայտարարեն, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին, իր համար որևէ բան չի փոխվի, քանի որ ունի իր անելիքը: «Ես միշտ ունեցել եմ իմ տեղը քաղաքական դաշտում: Այս խորհրդարանական ընտրություններում մենք ականատես եղանք ինչպես խոսքի ազատությանը, այնպես էլ ընտրակաշառքի կենսապահպամանը, սակայն խոսքի ազատությունը բավական է, որ ինձ նման քաղաքական գործիչները իրենց անելիքներն ունենան: Այսօր նախագահական նստավայրից 50 մետր հեռավորության վրա կբացվի ԱԻՄ գրասենյակը»,- ասաց նա:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ հաղթելու դեպքում՝ նախագահ է դառնալու 2 տարով. «Ես ժողովրդին էլ եմ սիրում, բայց իմ ազատությունը ես շատ եմ սիրում, այդ 2 տարիների ընթացքում ես կվերացնեմ նախագահի պաշտոնը, կլինի միայն վարչապետ և փոխվարչապետ, այս խորհրդանը՝ նրանց համաձայնությամբ, կարձակվի, Ազգային ժողովը կդառնա 81 հոգանոց կազմով, որովհետև ներկա խորհրդարանում միայն 30 մարդ է աշխատում»,- ասաց նա:
Պ. Հայրիկյանի խոսքով, եթե ընտրությունները գաղափարախոսության շուրջ լինեին, ապա ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, ՀՀԿ, «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությունը պետք է միավորվեին:
Հարցին, թե ինքը հօգուտ որէև քաղաքական ուժի պատրա՞ստ է հանել իր թեկնածությունը, Հայրիկյանը պատասխանեց, որ իր` որպես քաղաքական դաշտի ծնողի, թեկնածության հանելը վիրավորական կարող է լինել մյուս թեկնածուների համար, որոնք իր բացած ճանապարհով են առաջ գնում:
«Ես կարծում եմ, որ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ մյուսները շատ վատ կզան, եթե ես իրենց համար հանեմ իմ թեկնածությունը, որովհետև երբ ես էի զբաղվում քաղաքական գործունեությամբ, նրանք նոր էին քայլեր անում այդ դաշտում: Մեզ մոտ ընդունված է, որ նախկինում քաղաքական ասպարեզում որևէ բան չանող, անգամ սեփական ընտանիքը կառավարել չկարողացող մարդը առաջարդրվում է նախագահական ընտրություններում: Կարծում եմ, դրանից միայն ՀՀ պետական բյուջեն կշահի: Իսկ ես՝ որպես խնամի, խաշ սարքող, կարող է վատը լինեմ, բայց որպես քաղաքական գործիչ՝ մյուս բոլոր թեկնածուները իմ ճանապարհով են եկել»,- ասաց նա: