.jpg)
Գյուղնախարար. Մթերումների ոլորտում լուրջ առաջընթաց կա
Այսօր կայացել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս մասին հայտնում են գյուղատնտեսության նախարարության լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը: Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը` նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու:
Ըստ հաղորդագրության, հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին. «Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը»,- ասել է նախարարը` նշելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը: