Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել
14/12/2012 15:07

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել

Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը բացասական կարծիք է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս մասին «ԷկոԼուրին» հայտնել է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

Դեկտեմբերի 13-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնում տեղի էկոակտիվիստները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի առաջատար մասնագետ Նորիկ Հայրապետյանի հետ քննարկել են Ձորագետ գետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցը: Բնապահպաններն իրենց անհանգստությունն են հայտնել փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ: ՓՀԷԿ-ը պետք է կառուցվի Ձորագետի կիրճում, որը հանգստի և տուրիզմի համար հրաշալի վայր է: «Ի ուրախություն մեզ, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը բացասական գնահատական տվեց Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ Զորագետի կիրճը համարվում է տուրիստական գոտի, և ՓՀԷԿ-ի կառուցումը ի չիք կդարձնի տուրիզմի զարգացումը և կոչնչացնի Ձորագետի կիրճի էկոհամակարգը»,- «ԷկոԼուրի» հետ զրույցում ասել է Մանյա Մելիքջանյանը:

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 6-ին Ստեփանավան քաղաքի հանրության անունից նամակ է ուղղվել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «Մոլբերտ» ՍՊԸ-ին «Ստեփանավան -1» ՓՀԵԿ-ի կառուցման թույլտվություն չտրամադրելու համար: Ինչպես նաև տեղի հասարակայնությունը նամակով դիմել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյան, որպեսզի վերջինս հաստատի, որ այդ տարածքը տուրիստական գոտի է: 

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել