.jpg)
Ուրիխանյան. Մի ստիպեք, որ ես Ձեր բառերով ձևակերպեմ միտքս
Գագիկ Ծառուկյանի՝ գալիք նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, Aysor.am-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից փորձեց պարզել, թե ինչ է մտածում կուսակցությունն իր ընտրազանգվածի հետագա քայլերի վերաբերյալ:
Ներկայացնում ենք հարց ու պատասխանն ամբողջությամբ.
-Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ին իր ձայնը տված ընտրազանգվածն ինչպե՞ս պետք է քվեարկի նախագահական ընտրություններին, դեպի ո՞ր կողմ է ուղղորդվելու այն:
-Դրա պատասխանը տրվել է ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստում կայացված որոշմամբ, որը մասնավորապես վերաբերում է երկրորդ կետին. ԲՀԿ-ն որևէ թեկծանուի չի սատարելու:
-Այսինքն՝ ԲՀԿ-ն իր ընտրազանգվածի ընտրությունը թողնելու է` ըստ խղճի մտո՞ք:
-Այսինքն՝ որևէ մեկին չենք սատարում, դա հստակ որոշում է, որը տեսանալի է բոլորին` թե՛ մեր կուսակիցներին, թե՛ կողմնակիցներին:
-Պարոն Ուրիխանյան, չի՞ ստացվում, որ էլեկտորատը հիասթափված, օդից կախված է մնում:
-Ընտրազանվածը հույսեր կապում է ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ի գործողությունների և հայաստանցիների կյանքի որակը փոխելու հույսի հետ:
-Եվ, այնուամենայնիվ, պարոն Ուրիխանյան, կարծում եք, որ ԲՀԿ-ն իր այս որոշմամբ չի՞ հիասթափեցում իր ընտրազանգվածին:
-Ես կոնկրետ ասացի, մի ստիպեք, որ ես Ձեր բառերով ձևակերպեմ միտքս:
-Պարոն Ուրիխանյան, Դուք Ձեր բառերն ունեք, Ձեր բառերով ձևակերպեք:
-Դե ես արդեն ասացի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստից հետո տարածված հայտարարության մեջ նշված, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: