.jpg)
Թուրքական զինվորականության դերը զգալիորեն նվազել է
«Եթե համեմատենք Թուրքիայի զինվորականության դերը երկրում այսօր և 20 տարի առաջ, ապա այսօր այն նվազել է, որովհետև Արդարություն և զարգացում իշխող կուսակցությունը բավականին մեծ լծակներ ունի զինվորականության նկատմամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի դերակատարությանը երկրի կյանքում՝ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նա նշեց, որ կշեռքի նժարը Թուրքիայում այսօր թեքվում է դեպի իսլամիստներ: ԱՄՆ-ը համագործակցում է իսլամիստների հետ` կան համապատասխան ֆինանսական հոսքեր, քանի որ ամերիկացիներին ձեռնտու է իսլամիստների ուժեղացումը Թուրքիայում:
«Եթե ապագայում կշեռքի նժարը փոխվի և կրկին կարևորվի զինվորականության դերը Թուրքիայում, Վաշինգտոնը կփոխի իր դիրքորոշումը»,- ասաց բանախոսը:
Փոսրձագետի խոսքով՝ թուրքական բանակի թուլությունը բխում է Հայաստանի շահերից, քանի որ 1990-ական թթ.-ին թուրք զինվորականների կայացրած որոշումները այնքան էլ ձեռնտու չէին Հայաստանի համար:
Ա. Շաքարյանը նշեց, որ այսօր Թուրքիայում քեմալականության կրողը զինվորականություն է և նրանց դիրքերը թուլացել են:
Բանախոսը հավելեց, որ «Էրգենեքոն» գործողությունը, որը ուղղված էր թուրքական զինվորականության դիրքերի թուլացմանը, նպատակ ուներ նաև թուլացնել քեմալականների դիրքերը Թուրքիայում: