Սիրիական հարցում Թուրքիայի գլխավոր խոչընդոտը քրդական գործոնն է
14/12/2012 17:54

Սիրիական հարցում Թուրքիայի գլխավոր խոչընդոտը քրդական գործոնն է

«Թուրքիայում հակահրթիռային համալիրների տեղակայման մասին որոշումը արդեն կայացված է. դրանք իրականացնելու են Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությունը՝ հատկապես  Սիրիայի կողմից քիմիական զենքի և բալիստիկ հրթիռների հնարավոր կիրառման դեպքում»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին «Patriot» համակարգերի տեղակայմանը և Թուրքիայի դերակատարությանը սիրիական հարցում՝ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նա նշեց, որ դեռևս պարզ չէ, տեղակայվում են արդյոք այդ համակարգերը երկարաժամկետ թե կարճաժամկետ հեռանկարով, սակայն պարզ է, որ դրանց ընդհանուր ղեկավարումը իրականացվելու է ՆԱՏՕ-ի կողմից:

«Նախնական նշվում է, որ այդ համակարգերը մնալու են Թուրքիայում մեկ տարի, սակայն ես կարծում եմ, որ այդ համակարգերը կմնան Թուրքիայում ավելի երկար»,- նշեց թուրքագետը:

Լ. Հովսեփյանը, անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը սիրիական խնդրում, նշեց, որ կան բազմաթիվ փաստեր Թուրքիայի կողմից Սիրիայի ազատ բանակին զենք մատակարարելու, վարժեցնելու և այլ աջակցության մասին:

Բանախոսի խոսքով՝ Թուրքիային սիրիական հարցում բավականին մեծ դերակատարություն է վերապահված, իսկ  գլխավոր խոչընդոտը Սիրիայի հյուսիսում քրդական գործոնն է:

«Սիրիայի քրդական ուժերը` Դեմոկրատական միություն կուսակցությունը և Սիրիայի ազգային քրդական խորհուրդը ընդհանուր միավորման ուղեգծով են փորձում գնալ և փորձում են հանդես գալ որպես 3-րդ ուժ` չաջակցելով ո՛չ Ասադի վարչակազմին, ո՛չ էլ Սիրիայի ազատ բանակին: Կարևորագույն խնդիրն այն է, որ թե՛ Իրաքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Սիրիայի քրդական ուժերը կհասնեն ամբողջական, միասնական դիրքորոշման ու միասնականության»,- ասաց Հովսեփյանը:

Ըստ նրա՝ Սիրիայի քրդերն արդեն իսկ որոշում են կայացրել սեփական զորամիավորումներ ստեղծել` քրդաբնակ շրջանները պաշտպանելու համար, իսկ Իրաքում գնալով մեծանում է արաբա-քրդական դիմակայությունը Էրբիլի և Բաղդադի կենտրոնական իշխանությունների միջև և Իրաքյան Քուրդիստանը գրեթե անկախ է կենտրոնական իշխանություններից:

Թուրքագետն ասաց, որ տարածաշրջանային անվտանգության հետ կապված կարևոր է նաև այն հանգամանքը, որ Իրաքի քրդական տարածաշրջանային ղեկավարությունը` հանձին Մասուդ Բարզանիի, փորձում է որոշակի դերակատարություն ունենալ Սիրիայի քրդական ուժերի վրա:

Նրա խոսքով՝ Բարզանիի և Էրբիլի դերակատարությունը՝ Սիրիայի քրդական ուժերի հետ կապված, մեծանում է և պետք է հաշվի առնել, որ Իրաքի քրդերն ունեն բավական մեծաքանակ ու լավ սպառազինված ռազմական ուժեր և այս պարագայում որոշակի լրջություն է ստանում Իրաքի և Սիրիայի քրդերի համագործակցությունը:

«Մեծ հաշվով, քրդական խնդիրը լրջորեն կանգնած է Թուրքիայի առջև. Սիրիայում քրդական ինքնավարության հիմնումը կամ այլ գործընթացներ լրջորեն կազդեն ոչ միայն տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա, այլև Թուրքիայի անվտանգության վրա: Եվ այստեղ հետաքրքրական է այն, որ Միացյալ Նահանգներում չեն թաքցնում հետագայում քրդական պետության ստեղծման ու Թուրքիայի տարածքային մասնատման հնարավորությունը, ինչի վկայությունը ամերիկյան հետախուզական կարևորագույն կառույցի կողմից պատրաստված վերջին զեկույցն էր»,- հավելեց թուրքագետը:

Սիրիական հարցում Թուրքիայի գլխավոր խոչընդոտը քրդական գործոնն է