Կարապի լճի սահադաշտը բացվել է
14/12/2012 20:20

Կարապի լճի սահադաշտը բացվել է

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8- րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ:

Պատանի ու նաև երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար: Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00 –ից մինչև ժամը 23:00-ը:

Ըստ հաղորդագրության, Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը անելու է հնարավորը, որպեսզի գեղասահքի սիրահարների հաճելի ժամանցն ապահովված լինի: Սահադաշտի տոմսի արժեքն, ի դեպ, անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Տեղում կաշխատեն նաև մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձևի հմտություններին և սահել կսովորեցնեն:

Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:



 

Կարապի լճի սահադաշտը բացվել է