Քննարկվել են Տեղական ինքնակառավարման համակարգի հարցեր
17/12/2012 19:02

Քննարկվել են Տեղական ինքնակառավարման համակարգի հարցեր

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է Հանրային խորհրդում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարությունից:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի և հանձնաժողովի անդամների, փաստաթուղթը մշակած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ քննարկում է ծավալվել, ներկայացվել են տարբեր առաջարկություններ, դիտարկումներ, մտահոգություններ:

Հանդես գալով ամփոփիչ խոսքով` փոխվարչապետը կարևորել է փաստաթղթի վերաբերյալ լայն քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև օգտակար է համարել հնչեցված կարծիքներն ու մոտեցումները` հեղինակներին առաջարկելով փաստաթուղթը լրամշակելիս հաշվի առնել դրանք:

Նա նկատել է, որ փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսանկյունից բոլոր կարևորագույն խնդիրները: Այն միաժամանակ բաց փաստաթուղթ է, որը հաշվի է առնելու ժամանակի պահանջները և ուղենիշային է լինելու ոլորտի զարգացման համար:

Ա. Գևորգյանը նաև վստահեցրեց, որ ՏԻ համակարգի զարգացմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի հարցում կառավարությունը կարևորում է հանրային քննարկումները և դրանք օգտակար է համարում ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից:
 

Քննարկվել են Տեղական ինքնակառավարման համակարգի հարցեր