.jpg)
ՀՀ քաղաքացիները պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ
Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:
Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյան գործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:
ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր գնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։
Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրել են նաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: