.jpg)
ՀՀԿ փոխնախագահ. Այդ երկուսն այն ապրանքը չեն, որ հետաքրքրեն ԱԱԾ-ին
«Մասնավոր զրույցի ձայնագրության տարածումը դատապարտելի արարք է: Ձայնագրությունը տարածելու փաստի առնչությամբ կարիքները կարող են տարբեր լինել. գուցե ինչ-որ մեկը ներկա է եղել և ձայնագրե՞լ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ձայնագրությունն Ազգային անվտանգության ծառայության գործն է, Գ. Սահակյանն այդպես չի կարծում. «Այդ երկուսն այն ապրանքը չեն, որ հետաքրքրեն ԱԱԾ-ին»,- ասաց նա: Հարցին, թե ովքե՞ր են ԱԱԾ-ին հետաքրքրում, Գ. Սահակյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր սպառնալիք են ազգային անվտանգությանը, իսկ Զուրաբյանն ու Օսկանյանը վտանգ չեն ներկայացնում»:
Ինչ վերաբերում է առհասարակ յուրաքանչյուրի խոսակցության գաղտնազերծմանը, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ նման երևույթներին «շատ բացասական է վերաբերում»:
«Ես դեմ եմ, երբ այդպես փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել: Յուրաքանչյուր անձ իր ներաշխարհն ունի, որի չակերտները բացելով` դառնում է կա՛մ ձանձրալի, կա՛մ զազրելի իրողություն»,- ասաց նա` հավելելով, որ որևէ կարևոր բան չի նկատել տվյալ առանձնազրույցում:
Եզրափակելով խոսքը` Գ. Սահակյանն ասաց, որ պետք չէ նաև իշխանությանը մեղադրել, «բայց իշխանությունն էլ պատասխանատու է նման իրավիճակների համար»: