.jpg)
Խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան
ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրել էր արտահերթ նստաշրջան՝ գործադիրի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներից առաջ ներկայացրել է և շնորհավորեց թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներից արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած՝ Ռոբերտ Սարգսյանին և Արման Սահակյանին:
Խորհրդարանն ընդունել է արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգ, ինչպես նաև` օրնքների ընդունման հատուկ կարգ: Նաև՝ քվեարկություն է կազմակերպել մի շարք օրինագծերի վերաբերյալ՝ ընդունելով դրանք առաջին ընթերցմամբ:
Կառավարությունը նստաշրջանի օրակարգում ներառել էր երկու միջազգային համաձայնագիր: Դրանցից առաջինը փոփոխություն էր նախատեսում «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրում: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հիմնավորել է, որ բանկի կառավարիչների խորհուրդը, վնասներից ու ռիսկերից խուսափելու համար, նպատակահարմար է գտել բանկի հաշվարկային միավոր ճանաչել եվրոն: Ներկայում որպես այդպիսի միավոր է դիտարկվում Հատուկ փոխառության իրավունքը, սակայն բանկի գործարքների գերակշիռ մասն իրականացվում է եվրոյով և դոլարով:
Այս տարբերությունը փոխարժեքի տատանման ժամանակ հանգեցնում է ֆինանսական կորուստների, ինչով պայմանավորված էլ առաջարկվող փոփոխությամբ կառավարիչների խորհուրդը կստանա բացառիկ իրավունք՝ փոփոխելու թե բանկի հաշվարկային միավորը, թե վերաբաշխելու կապիտալը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը օպերատիվ կառավարման առումով արդյունավետ համարեց նշված փոփոխությունը և պատգամավորներին առաջարկեց վավերացնել այն:
Հաջորդ համաձայնագիրը՝ «2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին», ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նախատեսվում է միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական ստորաբաժանման առաքելությունը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համաձայնագրին տվել է դրական եզրակացություն. այս մասին հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: