.jpg)
ՀԱԿ. «Շնորհակալություն, սպանե՛ք էթիկայի հանձնաժողովը»
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Իրական ժողովրդավարությունը հիմնված է իշխանությունների բաժանման, քաղաքական համակարգում հակակշիռների ստեղծման վրա, որոնք ուղղված են որևէ քաղաքական ուժի բացարձակ իշխանության մենաշնորհ յուրացնելու և կամայականությունների դեմ:
Կանոնակարգի մասին օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողովի կազմավորումը` հավասարության սկզբունքներով, ընդամենը այդպիսի մի փոքր տարր է՝ ժողովրդավարական համակարգի ներսում հակակշիռներ ստեղծելու առումով: Այն կոչված է կյանքի, որպեսզի ընդդիմության համար ապահովվեն որոշակի իրավունքներ և լծակներ, ինչպես առանձին պատգամավորներին, այնպես էլ մեծամասնությանը քաղաքավարության, հանդուրժողականության, ընդդիմության նկատմամբ հարգանքի շրջանակներում պահելու նպատակով:
Հերիք չէ` դուք կեղծել եք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, յուրացնելով իշխանությունը և ձևավորելով Ազգային Ժողովում կեղծ և ապօրինի մեծամասնություն, ինչի մասին խոսել են խորհրդարանում ներկայացված բոլոր ոչ կոալիցիոն խմբակցությունները, այդ մեծամասնությունը դուք օգտագործում եք միայն և միայն ժողովրդավարության, պառլամենտարիզմի և տարրական ազատությունների ճնշման նպատակով:
Դուք դարձրել եք Ազգային Ժողովը իշխող քաղաքական ուժի դակիչ գործիք: Բոլոր որոշումներն ընդունում եք Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտմամբ, հավաքելով ձեզ հնազանդ մեծամասնությանը միայն առավոտյան ժամերին և օգտագործելով նրանց որպես «կնոպկա» սեղմողներ:
Դա իբր քիչ էր, երբ ընդդիմությունը փորձեց օգտագործել իր սահմանադրական իրավունքը և արտահերթ նիստ հրավիրել ընտրական օրենսգիրքը քննարկելու նպատակով, դուք տապալեցիք այդ քննարկումը, ուղղակի չգալով նիստի:
Հիմա, երբ ընդդիմությունը փորձում է այդ հարցը լուծել էթիկայի հանձնաժողովի միջոցով, և դուք տեսաք, որ ձեր հենց ընդունած օրենքով ընդդիմությունը կարող է հաջողության հասնել, դուք անմիջապես փոխում եք օրենքը:
Ավելի մեծ փոքրոգություն լինո՞ւմ է, քան երբ, տեսնելով որ սկսում եք պարտվել, ձեր իսկ սահմանված խաղի կանոնները փոխում եք, որ ապահովեք ձեր հաղթանակը:
Այսօրվա նիստը նույպես վկայեց ձեր անհադուրժողականության մասին, քանի որ ընդդիմադիր պատգամավորների ելույթները Կանոնակարգի մասին օրենքի կոպիտ խախտումներով ընդհատվում էին նախագահողների անտեղի միջամտություններով:
Փաստորեն մենք գործ ունենք շատ վախեցած մի իշխանության հետ, որին անհանգստացնում է ընդդիմության ցանկացած քայլ:
Դուք չեք խորշում անգամ ապօրինի գաղտնալսումներ կատարել և այստեղ, Ազգային Ժողովի լիագումար նիստում, հնչեցնել այդ գաղտնալսումների բովանդակությունը:
Այս ամենը ցույց է տալիս, որ դուք որոշել եք ոչնչացնել ժողովրդավարության վերջին տարրերը մեր երկրում, քանի որ վախենում եք ժողովրդավարությունից, անգամ լինելով մեծամասնություն պառլամենտում:
Շնորհակալություն, սպանե՛ք էթիկայի հանձնաժողովը և մենք այլևս չպիտի ապացուցենք ձեր սարսափը մեր խոսքերով, քանի որ դուք դա անում եք ձեր գործողություններով»,- ասված է հաղորդագրության մեջ: