«Հնագույն նվագարաններ» շարքից. Բամբիռ
17/12/2012 18:39

«Հնագույն նվագարաններ» շարքից. Բամբիռ

Դեկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Բամբիռ» ֆիլմի շնորհանդեսը:

Aysor.am-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակը նշեց, որ նախապես որոշել էր ֆիլմ նկարել թառի մասին, սակայն ուսումնասիրելով թառի մասին գրականությունը, հանդիպել է բամբիռի վերաբերյալ բազմաթիվ տեղեկությունների, և որոշել է անդրադառնալ բամբիռին:

Ռ. Շառոյանը նշեց, որ 5-րդ դարի հայ պատմիչներն իրենց երկերում ներկայացնում են գործիքը. բամբիռն անհետացումից փրկելու համար Շառոյանը որոշել է անդրադառնալ գործիքին. Տեղեկություններ է քաղել
Մովսես Խորենացու, Փավստոս Բյուզանդի, Գրիգոր Մագիստրոսի, Գրիգոր Տղայ կաթողիկոսի աշխատություններից:

«Բամբիռի» մասին տեղեկությունները շատ աղքատիկ են, սակայն գործիքի ակունքները հեռուն են գնում»,- ասաց Շառոյանը:

Ռ. Շառոյանը հիշեցրեց, որ դեռևս 80-ականներին երաժիշտ-նվագարանագործ Մարտին Խաչատարյանը, հենվելով հայ պատմիչների նկարագրությունների վրա, վերականգնել է բամբիռ գործիքը ոչ իբրև կսմիթային, ինչպես ներկայացված էր պատմիչների մոտ, այլ` աղեղնային. Բամբիռի կսմիթային տեսակը այժմ որոշ համույթներ օգտագործում են` թե՛ որպես մենակատարային, թե՛  համույթային տարբերակով. «Իմ նպատակն է ֆիլմի միջոցով ապրեցնել բամբիռը»:

«Բամբիռ» ֆիլմի հեղինակը նաև նշեց, որ պատմիչների երկերում գործիքը պատկերված չէ, այլ միայն նկարագրությունն է, գործիքն ունի 4-5 լար. «80-ականներին արևելյան երաժշտության տեսաբան, դիրիժոր Վարդան Բունին փորձ էր արել ստեղծել արևելյան գործքիների նվագախումբ` հին գործիքներին կյանք տալու համար, սակայն այդ գործիքները չապրեցին, իսկ Մարտին Խաչատրյանի ստեղծած բամբիռներն ապրում են»:

«Բամբիռ» Ֆիլմը տևում է 20 րոպե: Ռիտա Շառոյանը՝ մինչև «Բամբիռ» ֆիլմը,  «Հին նվագարաններ» շարքից ֆիլմեր է պատրաստել Ծիրանի փողի, քամանաչայի, քանոնի, պարկապզուկի մասին:

«Հնագույն նվագարաններ» շարքից. Բամբիռ