Ալեն Դելոն. «Իմ կնճիռները, մազերը իմ լավագույն գրիմն են»
18/12/2012 18:10

Ալեն Դելոն. «Իմ կնճիռները, մազերը իմ լավագույն գրիմն են»

Աշխարհառչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը առաջին անգամ Հայաստանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանը նշեց, որ չէր պատկերացնում, որ Հայաստանում իրեն այդքան սիրում են: «Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց նա ինձ երբեք չի ասել, որ ինձ այստեղ այսքան շատ են սիրում: Ես այդ մասին ասեցի նաև այսօր ձեր երկրի Նախագահի հետ հանդիպման ժամանակ»,- ասաց նա:

Դելոնը Հայաստան է ժամանել «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի հայաստանյան առաջնախաղին մասնակցելու համար:

Դերասանի խոսքով՝ այս ֆիլմի սյուժեն յուրահատուկ է, և այդ է պատճառը, որ համաձայնել է նկարահանվել: Ա. Դելոնի անկեղծացմամբ, այն ամենը, ինչ արել է, իր մոր համար է արել, և ամեն ինչով պարտական է նրան:

«Այն ամենով, ինչին ես հասել եմ իմ կյանքում, մորս եմ պարտական: Եթե ես ունեմ տաղանդ, արտաքին, դրանք իմ մորից եմ ժառանգել: Չկա մի օր, որ ես նրա մասին չմտածեմ: Եթե նա այժմ կենդանի լիներ, ես ոչինչ չէի նվիրի նրան, ուղղակի նրա կողքին կլինեի ու սեր կնվիրեի»,- ասաց դերասանը և գրպանից հանեց մոր նվիրած խաչը, որը, նրա խոսքով, միշտ իր հետ է:

Հարցին, թե ի՞նչ է պակասում իրեն կյանքում, Ա. Դելոնը պատասխանեց, որ միշտ ունեցել է ամեն ինչ և ունի, միայն սիրո կարիք է զգում:

Ասուլիսին ներկա էր նաև ֆիլմի դերակատարներից Իրինա Ռոզանովան, ում խոսքով, թեև իրեն գեղեցիկ տղամարդիկ դուր չեն գալիս, բայց Ալեն Դելոնն այժմ իրեն ավելի է դուր գալիս, քան երիտասարդ տարիքում: «Ալեն Դելոնի հետ հանդիպումը երազ էր, բայց նա ինձ իսկապես զարմացրեց: Դերասաններս և բոլորը շատ ենք մտածում մեր արտաքինի մասին, բժշկությունը օգնում է մեզ այդ հարցում: Այս հանճարեղ մարդուն, երբ ասացին՝ գնա գրիմի, ասաց. «Ինձ գրի՞մ, ինձ գրի՞մ: Ես 33 տարեկանում մոլորակի ամենագեղեցիկ տղամարդն էի, իսկ այս կնճիռները, մազերը հիմա իմ գրիմն են: Ես այսպիսին եմ: Որպես դերասանուհի՝ կուզենայի պահպանել այս իմաստությունը»,- ասաց Ի. Ռոզանովան:

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա այսօր երեկոյան` «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմի բյուջեն կազմում է 6 մլն դոլար, իսկ արտադրության ծախսերը` 2 մլն դոլար:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախը բաղկացած է 5 նովելներից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:

Ֆիլմի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:

Կինոալմանախը «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Այն նկարահանվել է Ռուսատանում և Ֆրանսիայում:
Ռեժիսոր Արտեմ Ակսենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ են մինչև այն պահը, երբ նրանից մեկը հաղթում է «Мисс Снежинка» մրցույթում: Երկար տարիներ անց նախկին ընկերուհիները աղջիկները պետք է մասնակցեն նմանատիպ մրցույթի:

Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահար» նովելում մայրը որոշում է ուրախացնել որդուն,Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի նրա երկար սպասված համերգին: Մայրը չէր էլ պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:

Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» ֆիլմում Վիկտորային հաջողակ բիզնես լեդի է, բարձր պաշտոն է զբաղեցնում ֆիլմում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ողջ ժամանակը: Նրա 7-ամյա աղջիկը ողջ ժամանակը անցկացնում է իր դայակի հետ: Նա Ամանորին նամակ է գրում Ձմեռ պապին, որում խնդրում է, որ դայակը դառնա իր մայրը: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային…

Ռեժիսոր Անտոն Բոռմատովի «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգեր են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե երեխա ունենային: Ամուսնության 7-րդ տարեդարձի առթիվ Քսենիան ամուսնուն նվիրում է Սիմ քարտ` Եվգենիայի սիրած 7 թվերով: Նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որը ճակատագրական է դառնում զույգի համար:

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Փարիզ» ֆիլմում Վեռա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Եվգենևայի ամենամեծ երազանքն է լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել է ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա ականկալի է գալիս, երբ սառնարանում գտնում է որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»: