Արմավիրում հոսանքի անջատման հետևանքով փչացել է ողջ տեխնիկան
18/12/2012 18:43

Արմավիրում հոսանքի անջատման հետևանքով փչացել է ողջ տեխնիկան

Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում էլեկտրական հոսանքի վերջին անջատման պատճառով 7 Ա շենքի բոլոր բնակիչների տներում տեխնիկայի մեծ մասը փչացել է:  Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց շենքի բնակիչ Թերեզա Զիրոյանը:

Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում իրենց թաղամասում էլեկտրական հոսանքի անջատումները հաճախացել են, ու որևէ անգամ նախապես այդ մասին չի զգուշացվել:

«Դեկտեմբերի 14-ին՝ առավոտյան 7-ին, ուժեղ դզզոցից եմ արթնացել, 10 րոպեյից հոսանքը անջատվեց, ու մարդիկ դուրս եկան տներից, խառնաշփոթ սկսվեց: Երեկոյան 19-ին հոսանքը տվեցին, ու շենքում տուն չկար, որ որևէ տեխնիկա փչացած չլինի: Մեր տանը նոր էի քաշել ջեռուցման համակարգ, կաթսան, երկու հեռուստացույց, համակարգչի փոխանցման տուփը և հոսանքի ապահովիչը ևս փչացել են: Նման անջատումներ այս ամիս արդեն 3 անգամ եղել են, բայց մեկ-երկու ժամով»,- պատմեց Թ. Զիրոյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողով է եկել, որը հաշվառել է փչացած տեխնիկան. իրենք դիմում են գրել, սակայն աշխատանքերը դեռևս ընթացքի մեջ են, և որևէ հստակ օր, թե երբ պարզ կդառնա էլեկտրացանցերի պատասխանը, չի ասվել:

 

Արմավիրում հոսանքի անջատման հետևանքով փչացել է ողջ տեխնիկան