.jpg)
Գորիսում շահագործման հանձնվեց 20 բնակարան
Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը, որի շահառու 20 ընտանիքներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի և Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր և ամենախոցելի` սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաև փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկանում ենք, որ սոցիալական տան շահագործման արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն, մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Փոխվարչապետը շահառու ընտանիքներին հանձնեց բնակարանների բանալիները:
«Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացվում է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Այսօր շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. գարնանը, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 195 մլն դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է և կանաչապատված:
Փոխվարչապետը շնորհավորելով շահառու ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ` գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքներից: Նա բարձր գնահատեց ծրագրի նշանակությունը` նկատելով, որ այն թույլ է տալիս համատեղ ուժերով ինչ-որ մասով լուծել սոցիալապես անապահով և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությանը` արդյունավետ ծրագրի իրականացման համար:
Փոխվարչապետը ծանոթացավ նաև մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով Գորիս քաղաքում փողոցների բարեկարգման և նորոգման աշխատանքներին: Մասնավորապես, Ա. Սաթյան փողոցի վերանորոգման համար երրորդ և չորրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ 140 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետին զեկուցվեց, որ երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, չորրորդ ծրագրով աշխատանքները մեկնարկել են, որոնք կշարունակվեն նաև գարնանը: Իսկ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բարեկարգումը, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր 13 մլն դրամ, արդեն ավարտվել է: