Արկածներ շան կծելուց հետո. Ո՞ւր է կատաղության դեմ պատվաստանյութը
18/12/2012 12:56

Արկածներ շան կծելուց հետո. Ո՞ւր է կատաղության դեմ պատվաստանյութը

Երեկ Aysor.am-ի թղթակից Անիի աշխատանքային օրը բավականին բազմազան ստացվեց. Նախ, աշխատանքի գալիս փողոցում շունը կծեց, հետո ողջ օրն անցավ պոլիկլինիկաներում: Անին դիմեց իր տարածքային պոլիկլինիկա: Պարզվեց՝ տեղում կատաղության դեմ պատվաստանյութ չկա: Վերքը մշակեցին,  բժշկուհին խորհուրդ տվեց չսրսկվել կատաղության դեմ, քանի որ դեղը կարող է ազդել թույլ օրգանների վրա: Պոլիկլինիկայում նաև խորհուրդ տվեցին հետևել կենդանուն 10 օր` պարզելու համար կատաղա՞ծ է, թե` ոչ: Շունը թափառական, անտեր կենդանի էր. «Փնտրեք շանը» ռազմական գործողությունը տապալվեց ի սկզբանե:

Տարածքային պոլիկլինիկայում առաջարկեցին սրսկել միայն փայտացման դեմ, Անին հրաժարվեց:

Իմունիզացիայի ազգային ծրագրի համակարգող Գայանե Սահակյանը Aysor.am-ին բացատրեց՝ կենդանու կծելու դեպքում և՛ շան, և՛ անձի նկատամամբ հսկողություն է սահմանվում, անձը պետք է ստանա պրոֆիլակտիկ բուժում:

Գ. Սահակյանը նաև նշեց, եթե կենդանին հայտնի է ու հաջորդ 10 օրերի ընթացքում չի սատկում, անձի բուժումը դադարեցվում է, իսկ եթե կենդանին անհայտ է, ապա անձը պետք է ստանա անհրաժեշտ բոլոր պատվատանյութերը:

«Պայմանական բուժման դեպքում՝ երեք կուրս, իսկ անհայտ կենդանու դեպքում` հինգ կուրս` նայած վակցինայի»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նա նաև նշեց, որ դեղատներում կատաղության դեմ պատվաստանյութ ուղղակի չկա, այն լինում է միայն պոլիկլինիկաներում. Առողջապահության նախարարի հրամանով բոլոր պոլիկլինիկները ՊԱՐՏԱՎՈՐ են պատվաստանյութ ունենալ և անհրաժեշտության դեպքում՝ ներարկել հիվանդին:

Տարածքային պոլիկլինիկայում էլ բացատրեցին՝ այժմ պատվիրում են պատվաստանյութ Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից. «Արդեն հրաման ենք ստացել, նախադեպ ունենք, այսուհետ պատվաստանյութ կունենանք»:

Հարցին, թե պոլիկլինիկաները պարտավոր չե՞ն ունենալ համապատսախան պատավաստանյութ, բժշկուհին պատասխանեց՝ պարտավոր են, բայց պատվաստանութը քիչ է, երբ դեպք է լինում՝ անուն-ազգանունով դիմում ենք «սանեպիտկայան» և ստանում:

«Կոնկրետ ես ձեռքիս տակ չունեմ»,- ասաց բժշկուհին:

Առողջապահական հանելուկ. Նախարարարությունից հավաստիացնում են՝ նախարարի հրաման կա, բոլոր պոլիկլինիկաները պետք է ունենան պատվաստանյութ: Պոլիկլինիկան հակադարձում է՝ չուենեն, երբ դեպք է լինում` դիմում են անուն ազգանունով, ստանում:

Նշենք, որ կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառական մկանների կծկանքով:

Եթե բուժումն անարդյունավետ է, հիվանդը մահանում է: Մարդու կատաղության կանխման միակ միջոցը հակակատաղության պատվաստումն է:

Հ. Գ. Մի խոսքով, եթե ձեզ կծել է շունը՝ թեկուզ թափառական, շուտ բռնեք նրան, պահեք-փայփայեք, որ հանկարծ չսատկի, պատկան մարմինների վրա հույս չդնեք:

Հ.Գ. 2 Պատկան մյուս մարմնի՝ քաղաքապետարանի հետ մեր զրույցը կներկայացնենք հաջորդիվ:

Արկածներ շան կծելուց հետո. Ո՞ւր է կատաղության դեմ պատվաստանյութը