Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությունը կթվայնացվի
18/12/2012 17:50

Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությունը կթվայնացվի

Դեկտեմբերի 16-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց  Վենետիկի Մխիթարյան Միաբանության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 16–ին Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության Մայրավանքի եկեղեցում, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Նախարարը բացման խոսքում գնահատեց Մխիթարյանների անուրանալի ներդրումը հայ գրատպության զարգացման գործում և նշեց, որ ՀՀ Նախագահի հովանավորությամբ և աջակցությամբ շուտով կսկսվեն Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքները:

Երեկոյան Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի սրահում տեղի ունեցավ «Գասպար Եդեսացի» համույթի «Պայծառ Նաիրի» երաժշտական-բանաստեղծական պիեսի բեմադրությունը:

Իտալացի երիտասարդները ներկայացրեցին հայ բանաստեղծների և երգահանների ստեղծագործությունները հայերենով:

ՀՀ սփյուռքի նախարարն իր ողջունի խոսքում շնորհակալություն հայտնեց համույթի իտալացի անդամներին բարձրարվեստ կատարումների համար: Նա միջոցառումը գնահատեց որպես հայ-իտալական մշակութային բարեկամության լավագույն օրինակ:

Դեկտեմբերի 17–ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության կողմից կազմակերպված «Հայ գրքի հետքերով» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցեցին հայ և այլազգի գիտնականներ, հայագետներ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ Մխիթարյան Միաբանության Ընդհանրական աբբահայր Գերաշնորհ Հայր Եղիա վրդ. Քիլաղպյանը:

Գիտաժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ Մեսրոպյան գյուտից հետո հայ ժողովրդի հոգևոր կյանքում Վենետիկում առաջին գրքի նշանակությունը, ևս մեկ անգամ արժևորեց Հակոբ Մեղապարտի` հայ հոգևոր և աշխարհիկ մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդը, ներկայացրեց հայ գրքի անցած ճամփան և նախանշեց բարձր տեխնոլոգիաների առկայության պայմաններում այսօրվա անելիքները:

Ելույթներով հանդես եկան պրոֆեսորներ Ռուդի Կորեան, Քլոդ Մութաֆյանը, Ագնես Ուզունյանը, Ռայմոն Գեորգյանը, Հ.Վահան Վրդ, Օհանյանը և այլ հայտնի գիտնականներ:

Գիտաժողովով ավարտվեցին ուղիղ մեկ տարի առաջ հայ գրքի 500 ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք սկսվել էին Վենետիկում` հայ առաջին գրքի ծննդավայրում, ՀՀ Նախագահի մասնակցությամբ:

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը և Մխիթարյան Միաբանությունը համատեղ հիմնել են Հակոբ Մեղապարտի հուշամեդալը, որը հանձնվելու է հայ գրատպության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող գործիչներին:

Հակոբ Մեղապարտ հուշամեդալի պատրաստումը հովանավորում է «Զանգակ» հրատարակչությունը, որը Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկն է: 

Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությունը կթվայնացվի