.jpg)
Մահացել է ռումինահայ նկարիչ Միկլոշ Յակոբովիչը
Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Օրադեա քաղաքում մահացավ ռումինահայ նշանավոր նկարիչ Միկլոշ Յակոբովիչը:
Նկարիչը ծնվել է 1936թ. օգոստոսի 9-ին Կլուժ-Նապոկա քաղաքում: Տրանսիլվանիայի հին հայերի շառավիղներից էր: Ավարտել է Թըրգու-Մուրեշի, այնուհետև Կլուժի Գեղարվեստի դպրոցները: Առաջին անհատական ցուցահանդեսը բացել է 1965թ.: Բազմիցս ցուցադրվել է Ռումինիայում և Հունգարիայում,ինչպես նաեւ Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Շվեյցարիայում և Չինաստանում:
Յակոբովիչի ինքնության և ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում հայկական արմատները և թեմաները: Նա հատիկ առ հատիկ հավաքում էր Տրանսիլվանիայում առկա հայկական հիշատակները, վերականգնում Գեռլայի (Արմենոպոլիս) և Դումբրավենի հայ կաթոլիկ եկեղեցիներում պահպանվող բազմաթիվ արժեքավոր սրբապատկերներ: 1990-ական թվականներին Յակոբովիչն այցելել է Հայաստան, եղել նաև Արցախում, որի խրոխտ բնակիչներն ու լեռնային պատկերները խոր տպավորություն են թողել նրա վրա:
Վերջին տարիներին Յակոբովիչը փափագում էր ցուցադրվել Հայաստանում և ՀՀ մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարի հոկտեմբերին նրա անհատական ցուցահանդեսը բացել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, սակայն վրա հասած ծանր հիվանդության պատճառով այն հետաձգվել էր:
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Միկլոշ Յակոբովիչը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: