Վառելիքի պակասը խանգարում է Սիրիա օգնություն հասցնել
18/12/2012 19:14

Վառելիքի պակասը խանգարում է Սիրիա օգնություն հասցնել

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար թույլատրել վառելիքի ներմուծումը, ինչպես նաև՝ երկրի տարածքում ևս 10 մարդասիրական կազմակերպությունների գործելու հնարավորություն տալ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Վալերի Ամոսը Դամասկոսում հանդիպել է կառավարության անդամների հետ, որի ընթացքում քննարկել է աճող մարդասիրական ճգնաժամի հարցը: Ամոսը նաև ավելացրել է, որ ՄԱԿ աշխատակիցները ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում պետք է ազատ շարժվելու հնարավորություն ընձեռնվի՝ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար:

Համաձայն ՄԱԿ գնահատականների՝ այժմ Սիրիայում ավելի քան 2.5 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: Բացի այդ, ավելի քան կես միլիոն սիրիացիներ լքել են իրենց տները՝ բնակություն հաստատելով հարևան երկրներում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ տվյալների համաձայն՝ Սիրիայում 21 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 30000 մարդ: Նշենք նաև, որ այսօր նախագահ Բաշար Ալ Ասադի հակառակորդները գրոհով վերցրել էին ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Խալֆա քաղաքը և գրավել Դերաայի մոտ գտնվող տանկային բազան:

 

Վառելիքի պակասը խանգարում է Սիրիա օգնություն հասցնել