Եվրոպա ձգտող Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ-երկրի տարածքը
18/12/2012 17:07

Եվրոպա ձգտող Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ-երկրի տարածքը

«Հունաստանը, պաշտպանելով իր սահմանները, պաշտպանում է նաև ԵՄ սահմանները` ապօրինի միգրացիայից»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով թուրք-հունական սահմանին 4 մետրանոց պատի կառուցման փաստին և Թուրքիա-Հունաստան հարաբերությունների ներկա փուլին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ Հունաստանը այսօր գտնվում է ֆինանսա-տնտեսական ծանր պայմաններում և այդ ֆոնի վրա երկրում ուժեղանում են օտարների դեմ ուղղված տարբեր դրսևորումները, ինչը նույնպես հասկանալի է:

«Թուրք-հունական հարաբերությունների ներկա փուլը չունի առանձնահատուկ դրսևորումներ, և ընդհանուր առմամբ հարաբերությունները գտնվում են այնպիսի մակարդակի վրա, ինչպիսիք կային տարիներ առաջ»,- ասաց Սաֆրաստյանը:

Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան և Հունաստանը ունեն պատմական խորը հակասություններ, բայց գտնվելով ՆԱՏՕ-ի շրջանակներում` նրանք հասել են հարաբերությունների նորմալացման որոշակի մակարդակի:

Ըստ նրա` Կիպրոսի խնդիրը մնում է օրակարգում` Թուրքիան օկուպացնում է ԵՄ անդամ-երկրի մի զգալի հատվածը և ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

«Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ երկրի տարածքը և շարունակում է հավակնել ԵՄ-ի անդամ դառնալուն»,- ասաց թուրքագետը:

Ռ. Սաֆրաստյան հավելեց, որ հակասությունները մնում են, սակայն թուրք-հունական հարաբերությունները հասել են որոշակի մոդուսի և առանձնակի սրվացություն չի նկատվում:

Եվրոպա ձգտող Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ-երկրի տարածքը