Ադրբեջանում իշխանական կառույցները կենտրոնացած են մի խմբի ձեռքում
19/12/2012 12:57

Ադրբեջանում իշխանական կառույցները կենտրոնացած են մի խմբի ձեռքում

Վաշինգտոնի «Ջեյմսթաուն» հիմնադրամում «Ադրբեջանն ու նրա տարածաշրջանային, եվրոպական եւ անդրատլանտյան գործակիցները» թեմայով այս օրերին անցկացվող կոնֆերանսում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Տալլինում միջազգային պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան, անդրադառնալով Ադրբեջանի հասարակության ներկա դրությանը, ընդգծել է, որ այդ երկրում իշխանական կառույցները կենտրոնացված են մի խումբ մարդկանց ձեռքում եւ հայտնել է, որ երիտասարդ սերունդը չի հաշտվում այդ իրավիճակի հետ:

«Երիտասարդները գիտեն, որ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային կառույցներում, էներգետիկայի, հեռահաղորդակցության հատվածում, բայց ստեղծված իրավիճակի դեմ փողոցներում բողոքի ակցիաներ անցկացնելու պատճառով մտածում են այդ հնարավորություններից հրաժարվել-չհրաժարվելու մասին: Իմ կարծիքով` արաբական գարնան շրջանում այդ բողոքի ալիքի մեծացմանը խոչընդոտողները հենց այդ հաշվարկներն են եղել: Բայց մինչեւ երբ պետք է դա շարունակվի», -բարձրաձայնել է նա:

Խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրություններից` Բրայզան նշել է, որ մինչ այժմ այն կազմված էր անվտանգության, դեմոկրատական բարեփոխումների եւ էներգետիկ ուղղություններից: Նրա խոսքով` այժմ տարածաշրջանում տնտեսության դինամիկ զարգացումը պահանջում է, որպեսզի ուշադրությունն ուղղվի հենց այս բնագավառին:

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ հետ ռազմավարական հարաբերություններն աշխատում են հիմնել Աֆղանստանում Վաշինգտոնի շահերի վրա: Բրայզան ընդգծել է, որ այժմ ընթանում է այդ անվտանգության միջանցքն առեւտրային միջանցքի վերածելու գործընթաց:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` Բրայզան նշել է, որ թեեւ խնդրի լուծման գործում խմբին չի հաջողվել բեկում մտցնել, սակայն ինքը գտնում է, որ բանակցային գործընթացն ամբողջությամբ դրական փորձ է:

 

Ադրբեջանում իշխանական կառույցները կենտրոնացած են մի խմբի ձեռքում