ՀԱՊԿ երկրներն ագրեսիայի հակադարձման ներուժ կստեղծեն
19/12/2012 19:16

ՀԱՊԿ երկրներն ագրեսիայի հակադարձման ներուժ կստեղծեն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները մտադիր են կազմակերպության անդամ-երկրների դեմ ագրեսիայի և ցանկացած այլ ուժային գործողությունների կիրառմանը կոլեկտիվ հակադարձելու ներուժ ստեղծել: Այս մասին, «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասվում է ՀԱՊԿ առաջնորդների` Կրեմլում կայացած նիստի արդյունքնում ընդունած հայտարարության մեջ:

«Ռազմական համագործակցության ոլորտում նախատեսվում է առաջնահերթ ուշադրություն դարձնել անդամ-երկրների դեմ ագրեսիայի և ցանկացած այլ ուժային գործողությունների կիրառմանն ակտիվորեն հակադարձելու համար հուսալի ներուժ ստեղծելուն»,- ասվում է փաստաթղթում:

Այս խնդրի լուծման համար կողմերը ջանքեր կգործադրեն «կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների հետագա զարգացման, ռազմա-տեխնիկական և ռազմա-տնտեսական համագործակցության ուղղությամբ»:

«Դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը կծառայի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների` անցյալ տարվա դեկտեմբերի 20-ի ՀԱՊԿ անդամ-երկրների տարածքներում ռազմական ենթակառուցվածքների տեղակայման մասին արձանագրության ուժի մեջ մտնելը»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ անդամ-երկրների կողմից ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա: Ուզբեկստանի կողմից կազմակերպությանն անդամակցումը դադարեցնելուց հետո ՀԱՊԿ-ի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 

ՀԱՊԿ երկրներն ագրեսիայի հակադարձման ներուժ կստեղծեն