Շարմազանով.Մութ սենյակում սև կատու մի փնտրեք. այն ձեր ուսերին է
19/12/2012 12:36

Շարմազանով.Մութ սենյակում սև կատու մի փնտրեք. այն ձեր ուսերին է

«Մեզ մոտ կա շատ վատ քաղաքական ավանդույթ, եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձում ենք մեղավոր ճանաչել ուրիշին: Մութ սենյակում պետք չէ սև կատու փնտրել, եթե այն քո ուսերին է»,- պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախագահական ընտրություններին չկան ուժեղ թեկնածուներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Որևէ մեկը որևէ մեկին չի սահմանափակել, որպեսզի առաջադրվի նախագահական ընտրություններին»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե հնարավոր է՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, որ եթե դա ասում է կուսակցության փոխնախագահը, ապա «մարդը ընդունում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը լրիվ լեգիտիմ է, ինչի մասին ասում է ոչ թե իշխանությունը, այլ հենց ընդդիմությունը»:

«Իսկ դրանում իշխանությունը մեղավոր չէ, որ ճիշտ է աշխատել, մեղավոր չէ, որ անում է այն, ինչ պետք է իրականում»,- ասաց նա:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ նախագահական ընտրություններին անհայտ թեկնածուների առաջադրումն արհեստական է, Է. Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի գործելաոճում որևէ անգամ արհեստական տարր չի եղել. «Մենք երկրի ապագայի հարցերում մանիպուլյացիայի հարց չենք դրել, չի կարելի մարդկանց ճակատագրի հետ խաղալ և քաղաքականությունը չի կարելի կատակերգության վերածել»:

Շարմազանովը հիշեց, որ նախագահական ընտրություններին արդեն առաջադրվելու հայտարարություն են արել Պարույր Հայրկյանն ու Րաֆֆի Հովյաննիսյանը, սակայն, ըստ բանախոսի, խնդիրն այլ է. «Ընդդիմությունը երկընտրանքի առաջ է կանգնած. առաջադրվեն, ինչպես իրեք են ասում՝ կստանան 7-10 տոկոս, իսկ չառաջադրվելու դեպքում իրենք իրենց քաղաքական կենսագրության մայրամուտն են նշելու»:
Ամփոփելով խոսքը՝ Է. Շարմազանովն ասաց, որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, թույլ չեն տա, որ նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» տիրանա ընդդիմադիր էլեկտորատին: 

Շարմազանով.Մութ սենյակում սև կատու մի փնտրեք. այն ձեր ուսերին է