Թավադյան. «Շախմատիստների լավ սերունդ է մեծանում»
19/12/2012 18:13

Թավադյան. «Շախմատիստների լավ սերունդ է մեծանում»

Դեկտեմբերի 19-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաշվետվություն են ներկայացրել Հայաստանի շախմատի և աթլետիկայի ֆեդերացիաները:

Շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հ. Թավադյանը ներկայացրել է 2012թ. ժամանակահատվածում կատարված և հաջորդ տարվա համար նախատեսված աշխատանքային ծրագրերը, որոնք իրականացվել են և կիրականացվեն ինչպես նախարարության աջակցությամբ, այնպես էլ ֆեդերացիայի միջոցներով: Հայ շախմատիստների հաջողությունները և ձեռքբերումները բացահայտ են, մեր մարզիկները աշխարհի և օլիմպիադային բազմակի չեմպիոններ են: Այս արդյունքները գրանցվել են նաև ֆեդերացիայի կողմից տարվող համակարգված և հետևողական աշխատանքի շնորհիվ:

Հաշվետու տարում մեր մարզիկները մասնակցել են բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցաշարերի, որոնք կազմակերպվել են թե Հայաստանում, և թե արտերկրում:

«Շախմատիստների շատ լավ սերունդ է մեծանում»,- նշել է Հ. Թավադյանը, և հույս հայտնել, որ նրանք կկարողանան համալրել այսօրվա հայ տիտղոսակիր մարզիկների շարքերը:

2013 թ. շարունակվելու են աշխատանքերը մեր մարզիկների հաջող մրցելույթները միջազգային և տեղական միցաշարերում ապահովելու ուղղությամբ: Կազմակերպվելու են ուսումնամարզական հավաքներ, որոնց ընթացքում, դարձյալ մեծ ուշադրություն է դարձվելու հայ շախմատիստների ֆիզիկական մարզավիճակը բարձր մակարդակի վրա պահելուն ուղղված աշխատանքներին:

«Ուսումնամարզական հավաքների ժամանակ, մեր շախմատիստները շատ լավ են իրենց դրսևորում նաև խաղային սպորտաձևերում, նրանք ավանդաբար նաև լավ ֆուտբոլ են խաղում»,- ավելացրել է տնօրենը:

Կատարած աշխատանքների հաշվետվությամբ է հանդես եկել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ով տեղեկատվություն է ներկայացրել ֆեդերացիայի կողմից 2012 թ. կատարված աշխատանքների և հաջորդ տարի նախատեսված ծրագրերի մասին:

2012 թ. տարեսկզբին Հայաստանի հավաքականը մասնակցել է Ստամբուլում կայացած ուսումնամարզական հավաքին և փակ դահլիճում կայացած աշխարհի առաջնությանը: Ուսումնամարզական հավաք է կազմակերպվել Երևանում և Ծաղկաձորում: Մեր մարզիկները մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի առաջնություններին: «Ունենք բավականին լավ մարզիկներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում»,- ասել է Էմմիյանը:

Ըստ նրա աշխատանքներ են տարվում Լևոն Աղասյանի մարզումները եվրոպական ակումբներից մեկում կազմակերպելու ուղղությամբ:

2013 թ. Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցելու է Գյոթեբորգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ պատանի աթլետները կմասնակցեն Ստամբուլում նախատեսված միջազգային մրցաշարին: Տարբեր տարիքային խմբերի հավաքականները կմասնակցեն միջազգային մի շարք այլ մրցաշարերի և, իհարկե, հանրապետական առաջնությանը:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ աթլետիկայի ֆեդերացիան սերտորեն համագործակցում է բժշկական կենտրոնի հետ, և 2-3 ամիսը մեկ անգամ հավաքականի մարզիկները բուժզննում են անցնում կենտրոնում: 

Թավադյան. «Շախմատիստների լավ սերունդ է մեծանում»