Մեր Տիգրանը. Մեծ պատմություն փոքր տղայի մասին՝ շատ անհայտներով
19/12/2012 20:57

Մեր Տիգրանը. Մեծ պատմություն փոքր տղայի մասին՝ շատ անհայտներով

Կեսօրին Aysor.am-ի խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Շրջանայինի գետնանցում գտնվում է մի երեխա, ով փախել է Քանաքեռ-Զեյթունի գիշերօթիկ դպրոցից: Մեզ ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ երեխան 8-9 տարեկան Տիգրան Պապիկյանն է: Նա պատմել է, որ գիշերօթիկ դպրոցից փախել է, քանի որ ուսուցիչները պարբերաբար ծեծում են իրեն:

Քաղաքացին կցկտուր տեղեկություններ հայտնեց Տիգարնից, թե մայրն ազատազրկված է, նրան, որպես խնամակալ՝ պահում է պապիկը, ով, ինչպես ասել է Տիգրանը, նույնպես պարբերաբար ծեծում է իրեն:

Տիգրանը բազմիցս փախել է գիշերօթիկ դպրոցից, և ինչպես գետնանցումի աշխատակիցները պատմեցին Aysor.am-ի թղթակցին, սովորաբար «հանգրվանում» է իրենց մոտ, սնվում այնտեղի աշխատակիցների մոտ:

Aysor.am-ն ահազանգեց ոստիկանություն, որտեղից տեղեկացրին, որ իրենք ո՛չ դպրոցից, ո՛չ էլ փոքրիկի հարազատներից հաղորդում չեն ստացել, ո՛չ ծեծի, ո՛չ փախոստի մասին տեղեկություն չունեն, կարող են գործել միայն հաղորդում ստանալուց հետո:

Ի պատասխան մեր զանգի, ՄԻՊ գրասենյակից ասացին, որ իրենք նույնպես ահազանգ չեն ստացել, սակայն արագ արձագանքման խումբը կարող է գնալ երեխայի մոտ, զրուցել, պարզել պատճառները և տալ առաջին հոգեբանական օգնությունը:

Պարզաբանելու համար, թե արդյոք տեղյա՞կ են պատկան մարմինները միջադեպից, զանգահարեցինք ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Այնտեղից Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aysor.am-ի թղթակցին ասաց, որ իրենք նման ինֆորմացիա չունեն, սակայն խոստացան կապվել դպրոցի տնօրինության հետ` պարզելու իրողությունը: Րոպեներ անց Ն. Հովհաննիսյանն ասաց, որ զրուցել է դպրոցի տնօրենի հետ, ով ասել է, թե երեխան իրենց մոտ է:

Ահազանգեցինք Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատություն, որտեղ մեզ հետ զրույցում որպես տնօրեն ներկայացավ ոմն Մարինե Հովհաննիսյան: Սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում որպես դպրոցի տնօրեն է նշվում Մարինե Աղաջանյանը, ում անունը, ի դեպ, խոսքի մեջ հիշատակում էր նաև Տիգրանը:

Տնօրեն ներկայացած կինը նախ ասաց, որ իրողությունը պարզելու համար լավ կլիներ՝ գնայինք հաստատություն, և չհիմնվեինք Տիգրանի խոսքերի վրա: «Տիգրանը եղել է հաստատությունում, մոտ ժամ ու կես առաջ գնացել է ճաշարան, այնուհետ դուրս է եկել… տարածքը բաց է բոլոր երեխաների համար, թե ոնց է Ձեզ մոտ հասել և ինչ ճանապարհով, արդեն Տիգրանը կբացատրի: Մնացյալ մանրամասները պարզաբանելու համար Տիգրանն ինքը պետք է գա ու ասի` իրանակությանը համապատարսխանում է իր ասածը, թե ոչ: Ես, ամեն դեպքում, մեր կոլեկտիվից տեղեկացա, որ նման բան չկա, երխայի հետ կապված ոչինչ չի եղել»:

Մեր դիտարկմանը, թե Տիգրանն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, որ իրեն ծեծում են, բացի այդ՝ Տիգրանի փախուստի մասին ահազանգը ստացել ենք ոչ թե մեկ ու կես ժամ առաջ, այլ գրեթե 3.5 ժամ առաջ, տիկինն ասաց. «Դե 3:30 իրենց ճաշի ժամն է եղել, ճիշտ ա` արդեն 2:30 ժամ ա դառնում: Եթե մնացյալ բաներն են ձեզ հետաքրքրում, ապա ավելի լավ կլիներ, որ երեխային բերեիք հաստատություն և այստեղ պարզեինք»:

Հարցին, թե ուսումնական հաստատությունը պատասխանատվություն չի՞ կրում երեխայի համար, տիկինն ասաց՝ կրում է. «Եթե տվյալներ եք ուզում վերցնել, եկեք, երեխային բերեք, տեղում պարզենք: Երեխայի խնամակալը պապիկն է, իրեն էլ ենք զանգել, նա ոչնչից տեղյակ չէր»:

Ի դեպ, դպրոցի տնօերն ներկայացած կինը նկատեց նաև, որ եթե մեզ համար դժվար է երեխային դպրոց տանելը, ապա իրենք կարող են մոտենալ և երխային վերցնել:

Քիչ ավելի ուշ խմբագրություն զանգահարեց և Տիգրանի քեռի ներկայացավ ոմն Արսեն Պապիկյան, ով, մեղմ ասած, բորբոքված ասաց, որ զանգել է` տեղեկանալու, թե որտեղ է Տիգրանը: Նա, ի զարմանս մեզ, քաջատեղյակ էր, որ Տիգրանը հաճախ է լինում Շարջանայինի գետնանցումում:

Aysor.am-ի թղթակիցը Տիգրանին հանդիպեց գետնանցումում. Փոքրիկը վախեցած էր, սակայն իրեն զգում էր շատ հարմարավետ: Զգացվում էր, որ նա այստեղ հաճախակի է լինում, գետնանցումի աշխատակիցները ուշադիր էին փոքրիկի նկատմամբ, գիտեին նրա կյանքի պատմությունը և համոզում էին նրան պատմել ճշմարտությունը. Փոքրիկը սկզբում մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ դպրոցում ոչինչ չի եղել, բայց չի ցանկանում այլևս վերադառնալ այնտեղ:

Նշենք, որ Aysor.am-ի նկարահանող խումբը ողջ ընթացքում եղել է Տիգրանի կողքին. Վաղը մենք կանդրադառնանք փոքրիկի պատմությանը՝ տեսանյութի տեսքով:

Ընդգծենք, որ քիչ առաջ ՄԻՊ արագ արձագանքման խումբը Տիգրանին տարավ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն: Երեխան ժամանակավորապես այնտեղ կմնա` մինչև կհստակեցվի, թե ինչ պետք է անել երեխային:
 

Մեր Տիգրանը. Մեծ պատմություն փոքր տղայի մասին՝ շատ անհայտներով