Թուրք-վրացական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ
19/12/2012 18:20

Թուրք-վրացական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ

«Թուրքիան Վրաստանի համար ռազմավարական, առևտրա-տնտեսական հիմնական գործընկեր է, և Վրաստանում գնալով աճում է թուրքական ազդեցությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք-վրացական հարաբերությունների ներկա մակարդակին և հեռանկարներին՝ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նա նշեց, որ Թուրքիան վերջին շրջանում ակտիվացրել է ներդրումները Վրաստանում, հատկապես Աջարիայի տարածքում:

«Թուրք-վրացական հարաբերությունների դրական շերտը առևտրա-տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև՝ ռազմա-տեխնիկական համագործակցությունը»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Թուրքիան և Վրաստանը միջազգային տարբեր ատյաններում, հարթակներում աջակցում են միմյանց դիրքորոշումները:

Ա. Էրոյանցը նշեց, որ թուրք-վրացական հարաբերություններ կան նաև խնդրահարույց հարցեր, կապված Թուրքիայի տարածքում վրացական եկեղեցիների խնդրի հետ, ինչպես նաև Վրաստանում թուրքական մզկիթների կառուցման հետ:

«Այս տարի խնդիրներ առաջացան Բաթումում թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման հետ կապված, երբ վրացական հասարակությունը իր բողոքի ձայնը բարձրացրեց Բաթումում մզկիթի կառուցման դեմ և հարցը կարծես թե մնաց օդում կախված, չնայած վերջերս մամուլում նշվել էր, որ այդ գործընթացը վերսկսվելու է»,- նշեց վրացագետը:

Անդրադառնալով Ջավախքում թուրքական ակտիվության մասին հարցին՝ Էրոյանցն ասաց, որ Սահակաշվիլիի օրոք Թուրքիան Ջավախքում իրականացնում էր ՀԷԿ-ի կառուցման խոշոր ծրագիր և չնայած այժմ այդ ՀԷԿ-րի կառուցման աշխատանքների մի մասը դադարեցվել է, այն շարունակվելու միտում ունի:

Բանախոսը հավելեց, որ Ջավախքում ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներում Թուրքիան ներգրավվում է հիմնականում թուրք կամ ադրբեջանցի աշխատակիցներին և ջավախահայերը զրկվում են այդ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից:

Թուրք-վրացական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ