.jpg)
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել «Սահարի» լրագրողին
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատ արձակել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրող Աննար Բայրամլիին:
Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետաքննող կոմիտեն Ադրբեջանին նվիրված հերթական զեկույցում նշել է, որ Բաքուն դեռևս չի լուծել քաղաքական բանտարկյալների հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Միջադեպի առնչությամբ` Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, միևնույն, ժամանակ, նշելով, որ լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, ս.թ. սեպտեմբերի 11-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե Իրանն ի ՞նչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ իրանական կողմն Ադրբեջանի երկու քաղաքացիներին ազատ արձակեց, իսկ Ադրբեջանը՝ իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին ոչ, պատասխանել է. «Երկրների քաղաքացիները փոխանակման կամ գործարքի ենթակա չեն: Ադրբեջանի երկու քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են օրինախախտություն կատարելու համար, սակայն հետագայում Ադրբեջանի խնդրանքով նրանք ազատ են արձակվել և հանձնվել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը»:
Նշենք, որ իրանական «արաննյուզ.իր» կայքը վերջերս մի հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն անձամբ է կարգադրել ձերբակալել իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողին: