Հայ-իրանական հարաբերությունները պետք է հասցնել բացարձակության
20/12/2012 18:13

Հայ-իրանական հարաբերությունները պետք է հասցնել բացարձակության

«Հայ-իրանական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում, սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Իրանի նկատմամբ և Հայաստանը պետք է հաշվի առնի այդ պատժամիջոցները` չմոռանալով և պահպանելով իր ազգային-պետական շահերը»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին և հեռանկարներին՝ այս մասին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց, որ Հայաստանի համար վտանգավոր է գնալ առճակատման Արևմուտքի հետ, սակայն պետք է ամեն ինչ անել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

«Իրանի հետ հարաբերությունները պետք ձգել բացարձակության և իրականացնել ռազմավարական բոլոր նախագծերը, այդ թվում՝ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հետ կապված»,- նշեց Շիրինյանը:

Նրա խոսքով՝ Իրանը Հարավային Կովկասում ավանդաբար վարում է հավասարակշռված քաղաքականության, սակայն Թեհրանի համար անվտանգության ապահովման տեսանկյունից Հայաստանի հետ հարաբերությունները ունեն առաջնային բնույթ:

Քաղաքագետն ասաց, որ հայ-իրանական սահմանը Մեղրիի հատվածում կազմում է 40 կմ, իսկ այս պահին հայ-իրանական փաստացի սահմանը հասնում է 170 կմ-ի` ձգվելով մինչև Հորադիզ:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում՝ բանախոսն ասաց, որ Իրանը ցանկանում է ավելի մեծ դերակատարություն ունենալ ղարաբաղյան բանակցային գործընթացում, սակայն Մինսկի խումբը դա փորձում է թույլ չտալ:

Ըստ քաղաքագետի՝ Իրանը ավանդաբար ունի զգուշավոր արտաքին քաղաքականություն, և այդ պատճառով ղարաբաղյան հարցում նույնպես նրանք վարում են հավասարակշռված քաղաքականություն:

Շիրինյանը նշեց, որ Հայաստանը էլ շահագրգռված է Իրանի կայունությամբ, անվտանգությամբ, տարածքային ամբողջականությամբ:

«Մեզ համար չպետք է նշանակություն ունենա նրանց ռեժիմի գույնը, տեսքը, բոյը. մենք պետք է խուսափենք կաղապարային մոտեցումներից»,- ասաց նա:

Քաղաքագետը հավելեց, որ Հայաստանը շահագրգռված է կայուն, դինամիկ զարգացող Իրանով, իսկ հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժը կօգտագործվեր, եթե չլինեին Արևմուտքի պատժամիջոցները:

Հայ-իրանական հարաբերությունները պետք է հասցնել բացարձակության