«ՀՀ քաղաքականությունը որևէ անվստահություն չի առաջացնում»
20/12/2012 20:11

«ՀՀ քաղաքականությունը որևէ անվստահություն չի առաջացնում»

«Միջագային հարաբերություններում բազմավեկտոր և փոխլրացնող քաղաքականություն վարող Հայաստանի միջազգային հարաբերությունները, կարծես թե, և' երկկողմ, և' բազմակողմ առումներով համաչափ են զարգանում: Հայ-ռուսական ջերմ հարաբերությունները երբեք բացասական չի անդրադառնում ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի իրականացման վրա: Իրանի հետ  հարաբերությունները երբեք չեն ստվերում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Հայ-ամերիկյան երկկողմ և բազմակողմ խորացող համագործակցությունը երբեք չի անդրադառնում Հայաստանի` այլ երկրների հետ իրականացվող քաղաքականության վրա: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանն իր ունեցած քաղաքական ռեսուրսների համադրումն իրականացնում է այնպես, որ դա որևէ կողմի մոտ առաջ չի բերում անվստահության կամ հարաբերությունների խզման ու թուլացման դրսևորումներ»,- Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակելու է մնալ որպես վստահելի և կանխատեսելի գործընկեր, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Ընդհակառակը,  Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է տարածաշրջանային այն կետը, որը հավաքում է  գոյություն ունեցող բոլոր շահերը և փորձում է դրանք համադրելու միջոցով տարածաշրջանային զարգացումներ ապահովել: Եվ հենց դրանով է պայամնավորված, որ նախագահն ասում է, որ մենք շարունակելու ենք վստահելի գործընկեր լինել»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ դրանով էլ հենց պայմանավորված է Հայաստանի ազգային-պետական շահը:
 

«ՀՀ քաղաքականությունը որևէ անվստահություն չի առաջացնում»