Արցախի նախագահը շնորհավորել է ԱԱԾ-ի աշխատակիցներին
20/12/2012 11:39

Արցախի նախագահը շնորհավորել է ԱԱԾ-ի աշխատակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը ներկացանում է նախագահի ուղերձը:

«Ազգային անվտանգության ծառայության
հարգելի աշխատակիցներ և վետերաններ,

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարևոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական և պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետևողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջև դրված խնդիրների ողջ լրջությունը և այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար:

Իշխանությունները կշարունակեն ըստ ամենայնի աջակցել կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման գործընթացին:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում»,- ասված է երկրի ղեկավարի ուղերձում:
 

Արցախի նախագահը շնորհավորել է ԱԱԾ-ի աշխատակիցներին