.jpg)
ՎՈւԱՄ. Ռուսաստանի ազդեցության սահմանափակման գործոն
Դեկտեմբերի 7-ին Դուբլինում կայացավ ՎՈւԱՄ ` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ևՄոլդովայի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում այդ կազմակերպությունում նախագահությունը ստանձնեց Ադրբեջանը և որոշում կայացվեց 2013 թ.-ին Բաքվում ՎՈւԱՄ-ի գագաթաժողով անցկացնելու վերաբերյալ:
ՎՈւԱՄ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ.-ին հոկտեմբերի 10-ին`Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի նիստի շրջանակներում:
Կազմակերպությանը անդամակցում է 4 երկիր, մինչ այդ տվյալ կազմակերպությանը անդամակցում էր նաև Ուզբեկստանը, որը դուրս է եկել տվյալ կազմակերպությունից:
Կազմակերպության քարտուղարության մշտական նստավայրը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
ՎՈւԱՄ-ի կանոնադրության համաձայն, այդ կազմակերպության գլխավոր նպատակը անդամ-երկրների միջև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար հարաբերությունների ամրապնդումն է:
Տվյալ կազմակերպությունը կարելի է դիտարկել որպես ԱՊՀ-ին զուգահեռ գործող կառույց, որի անդամ-երկրները այս կամ այն չափով փորձում են ձերբազատվել կամ նվազեցնել ռուսական ազդեցությունը իրենց երկրներում կամ հետխորհրդային տարածքում և այդ երկրներում հակառուսական տրամադրությունների ամրապնդումը և նրանց եվրոատլանտյան ցանկությունները աջակցություն են գտել Արևմուտքում` ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից:
ՎՈւԱՄ գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Ուկրաինայի, ունեն չլուծված հակամարտություններ` ղարաբաղյան, աբխազական և հարավ-օսական, մերձդնեստրյան, որոնց կարգավորման գործընթացում այս կամ այն ձևաչափով մասնակցում է նաև Ռուսաստանը:
Վերոնշյալ երկրները ցանկանում են փոխել հակամարտությունների կարգավորման ձևաչափը` դուրս մղելով Մոսկվային այդ գործընթացներից, տեղափոխելով այդ հակամարտությունների կարգավորման գործընթացը ՄԱԿ կամ միջազգային այլ ձևաչափեր` փորձելով նվազեցնել ռուսական աշխարհաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում, Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում:
Արևմտյան երկրները նպատակ ունենալով սահմանափակել ռուսական ազդեցության տարածումը հետխորհրդային տարածքում` նրա սահմանների երկայնքով հակառուսական դիրքորոշմամբ երկրների առաջացումը դիտարկում են որպես ԽՍՀՄ-2-ի վերականգնմանը խոչընդոտող գործոն, ինչին նպաստում են ՎՈւԱՄ անդամ-երկրների աշխարհագրական դիրքը:
Այդ ենթատեքստում կարելի է դիտարկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս արված այն հայտարարությունը, որը ԱՄՆ-ը թույլ չի տա ԱՊՀ երկրների խորհրդայնացումը` Մաքսային կամ Եվրասիական Միությանը նրանց անդամության տեսքով:
ՎՈւԱՄ-ի տարածքում արդեն իսկ ստեղծվել է էներգետիկ-տրանսպորտային միջանցք, որը սկիզբ առնելով Ադրբեջանի տարածքից անցնելով Վրաստանի և այնուհետև Ուկրաինայի տարածքով առաջացնում են Ռուսաստանը և նրա դաշնակից Հայաստանը շրջանցող միջանք, որի միջոցով կասպյան և կենտրոնական ասիական նավթն ու գազը արտահանվում են Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը և այլընտրանք ստեղծելով նրա էներգակիրներին Հին աշխարհում:
Բացի այդ, այժմ ավարտական փուլում է գտնվում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որը նույնպես դիտարկվում է TRACECA` Եվրոպա-Կովկաս-Ասիա միմյանց կապող կոմունիկացիոն միջանցքի մի հատված:
Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Ուկրաինան իրենց արտաքին քաղաքականության մեջ դիտարկում են եվրոատլանտյան ուղենիշը որպես առաջնային և այդ երկրներում առկա հակամարտությունների լուծման պարագայում նրանք կանդամակցեն ՆԱՏՕ-ին` Վրաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը երկրի առաջնահերթություններից է, իսկ Մոլդովայում էլ հնչում են Ռումինիային միանալու և ԵՄ-ին անդամակցելու ցանկություններ:
ՎՈւԱՄ-ի երկրների տարբեր տարիներին ընդունված հայտարարությունների, հռչակագրերի մեջ աջակցություն է ցուցաբերվել անդամ-երկրների տարածքային ամբողջականությանը և անդամ-երկրները միջազգային հարթակներում նույնպես պատրաստ են հանդես գալ միջազգային իրավունքի այդ սկզբունքի պաշտպանությամբ, ինչը նույնպես ընդհանուր շահ կարելի է դիտարկել անդամ-երկրների միջև:
Այդ մասին է վկայում նաև օրերս Դուբլինում կայացած ՎՈւԱՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում ՎՈւԱՄ տարածքում չկարգավորված հակամարտությունների և խաղաղության, անվտանգության զարգացման վրա նրանց ազդեցության վերաբերյալ բանաձևի քննարկումը, որը անդամ-երկրները պատրաստվում են քվեարկության ներկայացնել ՄԱԿ-ում: