.jpg)
Հայկ Բաբուխանյանն էլ կողմնորոշվեց
«Նոր Ազգային ժողովը ձևավորվեց նախագահի քաղաքականությանը համահունչ՝ օրենսդիր մարմինը համալրել նոր քաղաքական ուժերով, նոր քաղաքական դեմքերով և դա ողջունելի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և գալիք նախագահական ընտրություններին` ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:
«Ազգային Ժողովն այս տարի շատ արդյունավետ, ռիթմիկ, դինամիկ է աշխատել, ընդունվել են բազմաթիվ օրենքներ և մեր կուսակցությունը նույնպես հանդես է եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով»,-ասում է Բաբուխանյանը:
Հ. Բաբուխանյանը կարևորում է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական համագործակցությունը այդ կառույցի շրջանակներում և ինչպես ասաց` Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում ստացել է անվտանգության, պաշտպանունակության նոր մակարդակ:
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ առաջիկա ՍԻՄ համագումարի ընթացքում իրենք հայտնելու են գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցման մասին:
«Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկիրը կարողացել է դիմագրավել բոլոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին, և մենք աջակցելու ենք նրան»,-ասաց բանախոսը, վստահություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու հենց առաջին փուլում: