.jpg)
Հ.Աբրահամյանն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության և կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում բարեփոխումների գործընթացում:
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցությունը, այն գնահատելով գերազանց և արդյունավետ: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը ընդունել է մի շարք կարևոր օրենքներ, որոնք նպաստել են ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանը և խորացմանը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը և այլն: Նա կարևորեց նաև ԵԽԽՎ-ԱԺ փոխգործակցությունը` նշելով, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը արդյունավետ և կառուցողական գործունեություն է իրականացնում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: