Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհը վերանորոգված է
20/12/2012 19:00

Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհը վերանորոգված է

Ավարտվեց Մ-4 Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հյուսիսային մուտքից դեպի Դիլիջան քաղաքի ավտոկայան տանող 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը, որը սկսվել էր 2012թ. օգոստոսին։ Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ճանապարհը սկսվում է Դիլիջանի թունելից և ձգվում մինչև քաղաքի կենտրոն: Ինտեսիվ երթևեկության, բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում ճանապարհային հագուստը մաշվել էր` առաջացնելով անթույլատրելի չափերի նստվածքներ, փոսեր, և անհրաժեշտություն էր առաջացել հիմնանորոգում կատարելու:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012թ-ին Դիլիջանի բնակչության հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր լուծել խնդիրը: Նախագահը ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և ներկայացնել առաջարկություններ:

Նախարար Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կնքված պայմանագրի համաձայն` սկսվեց ճանապարհահատվածի հիմնանորոգումը:

Մ-4 միջպետական ավտոճանապարհն առանձնակի նշանակություն ունի. այն ապահովում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռների և ուղևորափոխադրումների մեծածավալ քանակ, ինչպես նաև՝ դեպի Դիլիջանի առողջարաններ տրանսպորտային կապը:

Իրականացված աշխատանքների արդյունքում նախագծով նախատեսված 7 – 20.5 մ լայնությամբ ճանապարհահատվածը ասֆալտապատվել է, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են հենապատեր, տեղադրվել են անվտանգության տարրեր` արգելափակոցներ, բետոնե պարապետներ, ճանապարհային նշաններ:

Կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 1.179 մլրդ դրամ։

Պատվիրատուն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Խաչհար» ՍՊԸ- ից և «Իջևանի ՃՇՇ»  ՓԲԸ - ից կազմված կոնսորցիումը։