.jpg)
Ընդդիմադիր միասնական թեկնածուի հարցը պառակտեց ընդդիմությանը
«Ամբողջ խորհրդարանական նստաշրջանի ընթացքում խորհրդարանական ամբիոնը ծառայել է նախագահական ընտրություններին, իսկ «Ժառանգությունը»-ը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել Ազգային Ժողովում` ներկայացնելով 8 օրենսդրական նախաձեռնություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքներին և ներքաղաքական զարգացումներին` ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը կարողացել է համագործակցել հակակոռուպցիոն հանձնաժողովի և մարտի 1-ի հանձնաժողովի ձևավորման հարցերի հետ կապված:
«Ընդդիմության համագործակցությունը պայմանավորված էր նաև որոշակի քաղաքական կոնյուկտուրայով»,-նշեց Հակոբյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի թեմային` նա նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը չի նպաստում միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրմանը և միասնական ընդդիմադիր թեկածուի հարցը նաև աղճատեց և որոշակի պառակտում մտցրեց ընդդիմության շարքերում:
Պատասխանելով «Ժառանգության» գալիք համագումարի մասին հարցին` Հակոբյանը ասաց, որ բոլոր քաղաքական ուժերի հետ այժմ ընթանում են բանակցություններ, նախապատրաստական աշխատանքներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրեց համագումարին, որն անցնելու է «Հայաստանի համար նոր ձևաչափով»:
Ռ. Հակոբյանն ասաց, որ այսօր կան քաղաքական ուժեր, որ ցանկանում են հանդես գալ «Ժառանգության» հետ միասնաբար՝ գալիք նախագահական ընտրություններում և ամենակարևորը ընդդիմադիր զանգվածի պահպանումն է. «Ընդդիմությունը պետք է այնպիսի ձևաչափով հանդես գա նախագահական ընտրություններում, որպեսզի պահպանվի ընդդիմադիր էլեկտորատի ներուժը»:
Հակոբյանը հավելեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ունի բոլոր նախադրյալները, պոտենցիալը, որպեսզի դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: