.jpg)
«Հարսնաքարի» գործով վկա. Ռուբեն Հայրապետյանը շատ զայրացել է
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում շարունակվել է «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն, վկա Հրաչյա Զոհրաբյանի հարցաքննությունը (հիշյալ ընկերությանն է պատկանում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրը): Այս մասին հայտնում են «Փաստինֆո» գործակալությունից:
Աղբյուրի փոխանցմամբ` տուժող կողմը մանրակրկիտ հարցեր է տվել ընդհուպ մինչև համալիրի դռնապանների, պահակների, հավաքարարների թվի, մատուցողներին աշխատանքի ընդունելիս աշխատանքային պայմանագրերի առկա լինելու-չլինելու, համալիրի տեսահսկման համակարգի և այլնի մասին: Պաշտպանական կողմը մերթ ընդ մերթ դժգոհություն է հայտնել հարցերից, հայտարարելով, որ դրանք դուրս են կոնկրետ գործով անցնող ամբաստանյալների մեղադրանքի շրջանակներից: Ըստ կողմի, տուժող կողմը հարցերով փորձում է ճշտել դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող հնարավոր անձանց շրջանակը: Պաշտպանական կողմը հիշեցրել է, որ ծեծկռտուքի այլ հնարավոր մասնակիցներին հայտնաբերելու համար գործից մաս է անջատվել, որով ներկայումս նախաքննություն է ընթանում:
Վկան հայտնել է, որ դեպքի մասին նա հեռախոսազանգով հայտնել է համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին, և նա շատ զայրացել է:
Ի պատասխան հարցերի՝ վկան հայտնել է, որ անվտանգության աշխատակիցներ են ընտրվել անձինք, ովքեր համապատասխանել են չափորոշիչներին՝ չխմել, ֆիզիկական համապատասխան տվյալների առկայություն, մարդկանց հետ շփվելու և կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու կարողություն: Ամբաստանյալներից 4-ը անվտանգության աշխատակիցներ են, մեկը մատուցող և մեկը՝ առաքիչ:
Վկան հայտնեց, որ դեպքի օրը համալիրում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի «տիրոջը, թամադային ու հյուրերին», ինչպես նաև որքան են նրանք վճարել հարսանիքի անցկացման համար՝ չգիտե: Սակայն պատրաստ է հետագայում տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել, եթե դրանով կօգնի դատարանին և դատավարության մասնակիցներին:
Տուժող կողմը առաջարկել է, որպեսզի վկան դատարանին տրամադրի ամբաստանյալների ծառայողական բջջային հեռախոսների համարները: Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը պարզաբանել է, որ գործի նյութերում չֆիքսված հեռախոսամարների հրապարակման դեպքում ելքային ու մուտքային զանգերով կարելի է պարզել գործի հանգամանքներից տեղյակ անձանց շրջանակը: Դատարանը նշել է, որ հեռախոսահամարների մասին տեղեկություններ ներկայացվում են հատուկ ընթացակարգով և որ վկային հեռախոսահամարները հայտնելուն պարտադրելու բավարար հիմքեր չկան: Իրենց հեռախոսահամարները հայտնելու դեմ առարկել են ամբաստանյալները: Մասնավորապես, Նորայր Հայրապետյանը նշել է, որ իր հեռախոսահամարից ներկայումս օգտվում են իր ընտանիքի անդամները, և ինքը դեմ է, որպեսզի դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք իմանան այդ համարը:
Վկայի հարցաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 24-ին:
Այսօրվա նիստում մի քանի անգամ դատական սանկցիաներ են կիրառվել: Նախ դատարանը դատական նիստից ուշանալու համար դատական սանկցիա՝ նախազգուշացում է կիրառել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ, թեև նա փաստաթուղթ է ներկայացրել, որ ուշացել է Ոստիկանությունում քննչական գործողությանը մասնակցելու պատճառով: Դատական երկու սանկցիաներ են կիրառվել նաև ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նկատմամբ՝ առանց նախագահողի թույլտվության խոսելու համար, նախ նա նախազգուշացվել է, ապա դուրս հրավիրվել դատական նիստերի դահլիճից: