.jpg)
Ադրբեջանա-իրանական հարաբերություններում խորը հակասություններ կան
«Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով`ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությամբ, Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ հավակնություններով և մի շարք այլ գործոններով»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա փուլին և հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերին, ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը սեփականացնում է Իրանի պատմական և մշակութային մեծագույն գործիչներին և նրանց ժառանգությունը:
«Ադրբեջանը շարունակում է երկրում ճնշել իսլամական գործիչներին, քանդում է շիական մզկիթները, ինչը զայրացնում է Թեհրանին»,-ասաց Ա. Իսրայելյանը:
Նրա խոսքերով, իրանցի մի շարք միջուկային ոլորտի մասնագետների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացվեցին, իսկ Իրանը այդ գործողություններին մասնակցելու համար մեղադրում է Ադրբեջանին:
Բանախոսը նշեց, որ վերջերս Իրանը նոր դեսպան նշանակեց Ադրբեջանում, որը փորձում էր կարգավորել ադրբեջանա-իրանականա հարաբերությունները, սակայն այդ գործընթացը կարճ տևեց: Դեսպանը Ադրբեջանի միգրացիոն գործակալության պետի հետ զրույցում պահանջել էր, որպեսզի Իրանի քաղաքացիների համար Ադրբեջան ելումուտի խնդիրները վերացվեն, սակայն հանդիպումից հետո Ադրբեջանը արտաքսեց Իրանի դեսպանատան մշակույթի բաժանմունքի աշխատակցին:
Վերջին միջադեպը, որը ըստ իրանագետի, վատթարացրեց իրանա-ադրբեջանական հարաբերությունները, կապված է ադրբեջանական անօդաչուի իրանական սահմանի մոտ իրականացվող հետախուզական գործողությունների հետ:
«Իրանը կտրուկ արձագանցեք այդ միջադեպին, նշելով, որ եթե Ադրբեջանը փորձի հատել իրանական սահմանը այդ անօդաչուները նույն ճակատագրին կարժանանա, ինչ Պարսից ծոցում խոցված ամերիկյան անօդաչուները»,-նշեց բանախոսը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը Իրանի հյուսիսում նոր ճակատ բացի իրանական կողմի համար, Իսրայելյանն ասաց, որ Ադրբեջանը չունի այն հզորությունը, որպեսզի միայնակ դուրս գա Իրանի դեմ:
«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը Իրանի դեմ մասնակցի պատերազմի, քանի որ Թեհրանի պատասխանը կլինի շատ կտրուկ»,-հավելեց նա: