Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը չի խթանում արտագաղթը
21/12/2012 20:42

Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը չի խթանում արտագաղթը

«Հայրենակիցներ» ծրագրի կասեցումը իսկապես լուրջ խնդիր է և դրա պատճառով մեզ անողոքաբար քննադատում են երկրի ներսում, իսկ նրա սահմաններից դուրս՝ ոմանք չարախնդում են»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ  Հայաստանը չի ցանկանում խթանել արտագաղթը երկրից, սակայն չի պատրաստվում սահմանափակել որևէ մեկի տեղաշարժման իրավունքը: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ ծրագիրը չի կասեցվել: «Հայաստանում ապրում են ընդամենը 30.000 ռուսներ, և եթե խոսքը նրանց մասին է, ապա ես չեմ կարծում, թե Ռուսաստանում 30000-ը եղանակ կստեղծեն, մինչդեռ մեզ համար դա շատ կարևոր է: Ինչո՞ւ խզենք այդ բնական կապերը, կամուրջները»,- ասել է նա: 

«Պարզապես չենք ցանկանում խթանել Հայաստանից արտագաղթը, ճիշտ այնպես, ինչպես վարվում ենք մեր Սփյուռքի հետ»: 
 Նախագահը հիշեցրել է, որ այս վերաբերմունքը ցուցաբերվում է նաև սիրիահայության նկատմամբ. «Մենք չենք խթանում անգամ Սիրայում ապրող մեր հայրենակիցների արտագաղթը, որովհետև համարում ենք, որ այո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բայց չի կարելի խթանել արտագաղթն ու վերջ դնել Մերձավոր արևելքում՝ Սիրայում և մնացած վայրերում, հայկական համայնքի գոյությանը: Մենք այդ ծրագիրը չենք կասեցրել, բայց ցանկանում ենք, որ այդ մարդիկ մնան մեր երկրում»,- ասել է Նախագահը: 

 ՀՀ Նախագահը նշել է, որ ժողովրդագրությունն ու արտագաղթի խնդիրները հատուկ են բոլոր զարգացող երկրներին, սակայն Հայաստանում այս խնդիրն առավել  խորանում է ծնելիությունը ցածր մակարդակի պատճառով: 

 

 «Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել նրանց համար, ովքեր փորձում են իրենց բախտը փնտրել օտարության մեջ, քանի որ երկիրը չի կարող իր քաղաքացիների համար բանտ դառնալ: Խնդրի լուծման միակ տարբերակը այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք մեր քաղաքացիները փորձում են գտնել այլ երկրներում»,- ասել է Ս. Սարգսյանը: 

ՀՀ Նախագահի խոսքով՝ դրա համար ժամանակ է պետք. «Համոզված եմ, որ այդ մարդիկ վերադառնալու են Հայաստան, առավել ևս, որ նրանցից ոչ մեկը գործնականում կապը Հայաստանի հետ չի խզում: Նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են: Ովքեր չեն կարողանում հաջողության հասնել, մշտական հիմունքներով են վերադառնում Հայաստան, իսկ նրանք, ովքեր հաջողության են հասնում, օգնում են աշխատատեղեր ստեղծել: Բոլոր դեպքերում նրանք շարունակում են մնալ հայ և դա լավ է»,- ասել է նա: 

Սերժ Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը չի խթանում արտագաղթը