.jpg)
«ՀՀ-ն հետևում է հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին»
Հայաստանը հետաքրքրված է և միշտ հետևում է հետխորհրդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք միշտ կողմ ենք եղել հետխորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն գործընթացների, և Մաքսային միությունը, Միացյալ տնտեսական տարածքը, բացառություն չեն կազմում: Դրա համար էլ մենք այժմ շատ ուշադիր ուսումնասիրում ենք տեղի ունեցող գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեռևս այս տարվա օգոստոսին պայմանավորվել ենք այս հարցի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծել»,- ասել է նա:
ՀՀ Նախագահի խոսքով՝ Հայաստանի ներգրավվածությունը դժվարացնող խնդիրների շուրջ այժմ աշխատում են Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ:
«Իհարկե, մեզ ասում են, որ այստեղ առանձնահատկություն կա, որ մենք ընդհանուր սահման չունենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու զանազան պայմանները նույնպես խոչընդոտ են հանդիսանում, բայց մենք վստահ ենք, որ այստեղ պարզապես անհրաժեշտ է փորձագիտական գնահատական, անհրաժեշտ է փորձաքննություն, որը պետք է անցկացնել»,- նշել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքային խումբը ընդամենը վերջերս է նիստ գումարել, իսկ վերջերս ինքը հանդիպել և քննարկում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:
«Բոլորի համար էլ հասկանալի է, որ տնտեսական ինտեգրացիան մեծ շուկաներն են, ազատ ապրանքաշրջանառությունն է, մաքսայիններում բյուրոկրատիայից ազատում է, մաքսից ազատ առևտուրն է, որը շահավետ է բոլորի համար: Այդ պատճառով Հայաստանը չի հրաժարվում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցություն ունենալուց: Հենց դրա համար էլ մենք, միգուցե` ոչ առաջինը, գուցե` երկրորդը, երրորդը, արագ վավերացրեցինք ԱՊՀ-ի շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը»,- ասել է Նախագահ Սարգսյանը: