Հայաստանը կգտնի ռազմական գործողությունների դադարեցումը պարտադրելու մեթոդ
21/12/2012 21:21

Հայաստանը կգտնի ռազմական գործողությունների դադարեցումը պարտադրելու մեթոդ

Եթե Ադրբեջանի ձեռնարկած արկածախնդրությունը մտնի ռազմական գործողությունների փուլ, հայկական կողմը կգտնի դրանց դադարեցում պարտադրելու մեթոդ: «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական կարողությունները՝ հուսալով, որ խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով, իսկ հայկական կողմը հակառակ սրան, բանակցություններին այլընտրանք չի տեսնում, և ոչ մի դեպքում չի ցանկանա վերսկսել ռազմական գործողությունները:

Խոսելով կարգավորման գործընթացի մասին` Նախագահը նշել է, որ թեև նախորդ տարի ինչ-որ պահի համանախագահող երկրները և համաշխարհային հանրությունը եզրահանգել էին, որ կողմերը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն Կազանի հանդիպումը լակմուսի թղթի պես անմիջապես ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծմանը:

«Կազանում Ադրբեջանի կողմից ներկայացված նոր պահանջները, անշուշտ, անսպասելի էին, համենայնդեպս մեր և համանախագահների համար: Հաջորդող իրադարձությունները փաստեցին, որ Ադրբեջանն իրականում համաձայն չէ այդ երեք սկզբունքներին»,- նշել է Նախագահը:

Խնդրի էության վերաբերյալ Նախագահը հիշեցրել է, որ այն կապված է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի հետ, որի կարևորությունը անցնող տարում բազմիցս ապացուցվել է.

«Խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար պայքարն է: Վերջին տարվա ընթացքում կատարված իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այն, ինչի մասին ղարաբաղցիները բարձրաձայնում էին 70 տարի շարունակ, այն է` Ադրբեջանի կազմում իրենք ապագա չունեն: Հասկանում եք, երբ այդ մարդիկ ամեն օր Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն ադրբեջանցիների թշնամիներն են, որ Երևանը, որ մոտ ապագայում նշելու է հիմնադրման 2800 ամյակը, Ադրբեջանի «պատմական տարածք» է, երբ այդ մարդիկ լսում են, թե ինչպես են հերոսացնում մարդասպանին, հունգարական բանտում անցկացրած տարիների դիմաց աշխատավարձ են վճարում, դրանից հետո Ղարաբաղի ժողովուրդն անգամ լսել չի ուզում Ադրբեջանի մասին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԼՂՀ բնակչության պաշտպանության վերաբերյալ նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է այդ ուղղությամբ:

«Մենք հանդիսանում ենք Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, և եթե իսկապես այս ձեռնարկված արկածախնդրությունը մտնի հաջորդ` ռազմական գործողությունների փուլ, ապա հայերը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Գուցե հարց ծագի, որ Ադրբեջանը տնտեսապես ուժեղ է, Ադրբեջանում բնակչությունը շատ է…, բայց նախ` դրանք ամենաառանցքային գործոնները չեն, երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որևէ տոկոս համաձայնի ցանկացած ճնշման տակ զիջել Ղարաբաղը: Ուստի` իրականում մենք բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք Ղարաբաղը: Տա Աստված, որ նման բան չլինի, բայց կարծում եմ, մենք կգտնենք ռազմական գործողությունների դադարեցում պարտադրելու մեթոդները»,- ամփոփել է երկրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանն ի թիվս այլ միջոցների, կարող է միջպետական պայմանագրերում ամրագրված դրույթների համաձայն` դիմել ռազմա-քաղաքական դաշնակիցներին: 

Հայաստանը կգտնի ռազմական գործողությունների դադարեցումը պարտադրելու մեթոդ