.jpg)
ՀՀ Նախագահ. Հայաստանը զարգանում է բացառիկ բարդ պայմաններում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը գտնվում է բացառիկ բարդ պայմաններում, սակայն հարմարվել է դրանց և զարգանում է:
Ս. Սարգսյանը նշել է, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցը շարունակում է մեծ խնդիր մնալ: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը բավականին լուրջ հարված հասցրեց մեզ, ունեցանք 14 տոկոս անկում, սակայն անցած երկու տարիների ընթացքում երկիրն աստիճանար հետ է բերում կորցրածը: Անցած տարի ունեցանք ՀՆԱ-ի 4% աճ, այս տարի կունենանք 7 %-ից մի փոքր ավելi` 3 տոկոս գնաճի և բյուջեյի 2.5 տոկոս դեֆիցիտի պայմաններում»,- ասել է նա:
«Ռոսիա 24»-ի լրագրողի հարցին, իսկ ո՞րն է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերը, Նախագահը հիշեցրել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, ինչն էլ դարձել է երկրի տնտեսական զարգացման առանձնահատկությունների գլխավոր դետերմինանտներից մեկը.
«Գործնականում Թուրքիան ապօրինի շրջափակում է իրականացնում և մենք ապրում ու զարգանում ենք այդ բացառիկ բարդ պայմաններում: Մենք անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն չունենք Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Իսկ դա նշանակում է, որ մեր արտահանողներն մյուսների համեմատ անհավասար պայմաններում են»,- ասել է Ս.սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը հարմարվել է իր ճակատագրին, և փորձում է զարգացնել տնտեսության այն ճյուղերը, որոնց մրցունակությանը տրանսպորտային բաղադրիչը չի խանգարում:
«Ավանդաբար Հայաստանում առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է: Այդ ոլորտի զարգացումը մեծապես կախված է նաև մետաղի համաշխարհային գներից»,- ասել է Ս.Սարգսյանը:
Նախագահը կարևորել է երկրում բիզնես միջավայրի բարելավման փաստը, նշելով, որ համաշխարհային բանկի «Doing business» վարկանիշով մենք 18 կետով առաջընթաց ենք ունեցել և այժմ զբաղեցնում ենք 32-րդ տեղը:
«Դա ԱՊՀ երկրների շարքում առաջին ցուցանիշն է և հինգերորդը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- փաստել է երկրի ղեկավարն ու նշել, որ հենց սրա արդյունքում է հաջողվել ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ ապահովել: Այդ իսկ պատճառով մենք ստիպված էինք դիվերսիֆիկացնել, և այսօր Հայաստանում` ոչ միայն մեր գնահատականներով, լավ զարգանում է ժամանակակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Գործնականում վերջին հինգ տարվա ընթացքում մենք կարողացել ենք երեք անգամ ավելացնել այս ոլորտի արտադրության ծավալը: Դա լավ է նաև այն պատճառով, որ ապահովում է բարձր վարձատրվող, հեղինակություն վայելող աշխատատեղեր: Այսօր Հայաստանում մոտ հարյուր նման ձեռնարկություն կա և այդ ձեռնարկություններում զբաղված է 10 հազարից ավել մարդ: Փոքրիկ Հայաստանի համար դա ծանրակշիռ ցուցանիշ է»,- ասել է ՀՀ Նախագահը: